Մի անգամ Հայաստանում. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Հիմա, երբ վարչապետի զավակ Աշոտ Փաշինյանի հետ կապված դեպքի շուրջ թեժ կրքեր են, համացանցը մի քանի օր է, միայն դեպքի մանրամասներից է խոսում, հազար ու մի վարկած է առաջ քաշվում, մենք միայն մի բան կարող ենք ասել. «Բա Ալեն Սիմոնյա՞նը»:
Այո, հենց Ալեն Սիմոնյանը: Այն անձնավորությունը, որը, թվում է, ոչ մի կապ չունի Աշոտ Փաշինյանի դեպքի հետ, բայց իրականում կապն անմիջական է:
Բանն այն է, որ Արցախյան պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին մեղադրանք են ներկայացրել, որ նա փորձել է առևանգել Աշոտ Փաշինյանին: Տեսանյութերը տեսել եք, ասում է՝ նստի մեքենա, Աշոտը նստում է, հետո դուրս է թռչում, և այլն:
Իշխանական քարոզիչները, նրանց համախոհները համարում են, որ Գայանե Հակոբյանին ճիշտ են կալանավորել: Մարդուն առևանգելը ո՞րս է: Աշոտն ի՞նչ մեղավոր է իր հոր վարած քաղաքականության համար: Զավակները պատասխանատու չեն իրենց ծնողների արարքների համար: Հա, հետո ի՞նչ, Գայանեն զոհված զինվորի մայր է: Դա արդարացում չէ: Առևանգել է, իսկ դա քրեական հանցանք է, ուրեմն, պետք է օրենքով առաջնորդվել:
Մարդ կա, մարդ է, մարդ էլ կա, ուղտ է
Բայց ոչ ոք չասաց մի շատ կարևոր բան. որ Գայանե Հակոբյանը... մարդ է: Նույնպիսի մարդ, ինչպիսին Ալեն Սիմոնյանն է: Երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու դեմքին, վարչապետը նրա արարքն արդարացնում է նրանով, որ Ալեն Սիմոնյանը մարդ է: Դե, հիմա, պահի տակ էմոցիոնալ արարք է թույլ տվել, վիրավորել են իրեն, ինքն էլ թքել է: Անցավ, գնաց: Չէ, չանցավ:
Իսկ ահա որդեկորույս ծնողի դեպքում դա հանցանք է: Դե թող ասեին, որ նա էլ է մարդ, զավակ է կորցրել, պահի տակ էմոցիաները չի կարողացել զսպել, ընդ որում, հազարապատիկ ավելի ծանր էմոցիաներ է ապրում, քան Ալեն Սիմոնյանը: Պատճառահետևանքային կապը երկու դեպքում էլ նույնն է: Եվ եթե Ալեն Սիմոնյանի արարքն արդարացնում եք, բարի եղեք, արդարացրեք նաև Ժորա Մարտիրոսյանի մորը: Երբ բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, քաղհասարակության հարյուրավոր ներկայացուցիչներ պահանջում էին, որ Ալեն Սիմոնյանը պատժվի և առնվազն պաշտոնանկ արվի, դա նաև նրա համար էին պահանջում, որպեսզի նմանատիպ արարքները, դեպքերը չկրկնվեն:
Ձեզ զգուշացրել են
Չեք պատժել, ոչ մեկին շան տեղ չեք դրել, տեղի է ունեցել այս դեպքը: Ու սա վերջին նման դեպքը չի լինելու: Մարդիկ են լինելու, որ տեսնելով պահի ազդեցության տակ թույլ տված հանցանքը, անվայել արարքը անպատիժ է մնում, ասելու են՝ իսկ ինչո՞վ ենք մենք պակաս: Եթե Ալեն Սիմոնյանին թույլ է տրված, ուրեմն, մեզ էլ է թույլ տրված: Չէ՞ որ մեր մոտ ժողովրդավարություն է, օրենքի առջև էլ բոլորը հավասար են: Ահա թե ինչ հետևանքներ ունեցավ և դեռ կունենա Ալեն Սիմոնյանի դեպքը:
Դրա համար, այսօր Հայաստանում ինչ դեպք էլ տեղի ունենա, որքան էլ դա անթույլատրելի ու դատապարտելի լինի, հանրությունը միշտ այդ հարցը պիտի տա. բա Ալեն Սիմոնյա՞նը:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: