«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրն է

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրն է

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրը (International Mobilization Day against Nuclear War) ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման օրը, որի հիմնական նպատակն է միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցման, աշխարհի երկրների միջուկային զինանոցի կրճատման և աստիճանական ոչնչացման ու միջուկային պատերազմի սպառնալիքի վերացման կոչը:

Դելիի հռչակագիրն ընդունվել է 1985 թվականի հունվարի 29-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում՝ մի քանի երկրների՝ Հնդկաստանի, Հունաստանի, Մեքսիկայի, Արգենտինայի, Տանզանիայի և Շվեդիայի նախագահների ու վարչապետների խորհրդակցության ժամանակ, որոնք դարձել են փաստաթուղթը ստորագրած առաջին երկրները: Միջուկային զենքից և բռնությունից ազատ աշխարհի սկզբունքների մասին այս հռչակագրի ընդունման պահից էլ սկսվում է այսօրվա տոնի պատմությունը:

Անհրաժեշտ է հիշեցնել, որ միջուկային պայթյունների հետևանքները՝ ինչպես առանձին երկրների, այնպես էլ ամբողջ մոլորակի համար աղետալի են: Ճառագայթման բարձր դոզաները հանգեցնում են մարդկանց շրջանում քաղցկեղային հիվանդությունների աճի, նորածինների պաթոլոգիաների, գենետիկ մուտացիաների: Իսկ խոշորամասշտաբ միջուկային պատերազմի հեևանքով տեղի կունենա կլիմայական աղետ, և անգամ դժվար է պատկերացնել, որ Երկրի վրա ինչ-որ տեղ գոնե մարդկային որևէ հանրույթ ողջ կմնա:

Միջուկային զենքը

Պայթուցիկ սարք է, որն իր կործանարար ուժն ստանում է միջուկային ռեակցիաներից՝ կամ ճեղքումից, կամ ճեղքման և ձուլման համադրությունից: Երկու ռեակցիաներն էլ անջատում են հսկայական քանակության էներգիա անհամեմատ փոքրաքանակ հումքից։

Առաջին ատոմային ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է նույնքան էներգիա, որքան 20 000 տոննա տրոտիլից։ Առաջին «ջրածնային» ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է մոտավորապես նույն էներգիան, որքան տասը միլիոն տոննա տրոտիլից։

Միայն երկու միջուկային զենք օգտագործվել է պատերազմի ընթացքում: Երկուսն էլ Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ։ 1945թ․ օգոստոսի 6-ին «Փոքրիկ տղա» կոդային անունով ատոմային ռումբը նետվեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։

Երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, «Գերմարդ» կոդային անունով ռումբը պայթեց Ճապոնիայի Նագասակի քաղաքում։ Այս երկու պայթյունների հետևանքով զոհվեց մոտավորապես 200000 ճապոնացի, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։

Սկսած Հիրոսիմաից և Նագասակիյից՝ գրանցվել է փորձարկման կամ ցուցադրության նպատակով իրականացված մոտ 2000 միջուկային զենքի պայթեցման դեպք։ Միայն մի քանի երկիր ունեն այդպիսի զենք կամ կասկածվում են դրանց ստեղծելու փորձեր անելու մեջ։

Պայթեցրած միջուկային զենք ունեցող և իրենց այդպիսի զենք ունենալը հաստատող երկրներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան։

Բացի դա, ենթադրվում է, որ Իսրայելը նույնպես տիրապետում է միջուկային զենքի, սակայն նա չի ընդունում այդ փաստը։ Ենթադրվում է նաև, որ միջուկային զենք ստեղծելու փորձեր է անում Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Միջուկային զենքից հրաժարված երկրներ

1989թ. ՀԱՀ նորընտիր նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկի կոչով այդ երկիրը հրաժարվեց միջուկային զենքից`   խուսափելու սպառնացող մեկուսացումից և պատժամիջոցներից:

1992թ. երեք երկրներ`   Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը, որոնք իրենց տարածքում ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միջուկային զենք ունեին, միացան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:

Պայմանագրի ստորագրումից հետո նրանց տարածքում տեղակայված միջուկային զենքը փոխանցվեց ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին։ Փաստորեն այս չորս պետություններն են, որ երբևէ ունեցել են միջուկային զենք, իսկ այնուհետև հրաժարվել են դրանից։

Վերջին տարիներին փոփոխական հաջողությամբ բանակցություններ են վարվում նաև Հյուսիսային Կորեայի հետ`   փորձելով համոզել հրաժարվել միջուկային զենքից։

Միջուկային անվտանգությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները

Դրանցից ամենահայտնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է (ԱԷՄԳ), որը հիմնադրվել է 1957թ. ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման համար որպես ՄԱԿ-ի համակարգում գործող միջկառավարական կազմակերպություն:

Կազմակերպության հիմնական գործառույթներից է անդամ երկրներում միջուկային ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը դրանց խաղաղ ուղղվածության մեջ համոզվելու նպատակով: