Նարեկ Կիրակոսյան. Պետության ֆինանսավորմամբ տոնական համերգ՝ արյունալի մարտերի տարելիցին

Սեպտեմբեր 13, 2022 թվականին – այս օրն ամենաարյունալին դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ օրը Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ օրերին հայկական կողմը 224 զոհ և տարածքային կորուստներ ունեցավ։ Եվ այժմ, այս արյունալի և ողբերգական իրադարձություններից երեք տարի անց, այդ նույն օրը Հայաստանի կառավարությունը միլիոններ է հատկացնում, որ տոնական համերգ կազմակերպվի՝ Ձախ Հարութի մասնակցությամբ։
Եթե սա դիտավորություն չէ, ապա պետական բարձր մակարդակի խորը անտարբերության նշան է, քանի որ եթե այդ տղաների սխրանքը իշխանության համար կարևոր լիներ, նրանք կհիշեին, թե սեպտեմբերի 13-ն ինչ օր է, ու պետպատվերով համերգն այլ օր կանցկացնեին։
Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ արդեն ակնհայտ է, որ վաղը կառավարական մակարդակով ոչ այց է լինելու Եռաբլուր, ոչ ուղերձ է լինելու, բայց այս տարի նորություն ունենք՝ տոնական համերգ։
Ես ինքս կողմ եմ տոնական միջոցառումներին, ավելին՝ մշտապես նախկինում քննադատել եմ, թե ինչու են պետական մակարդակի միջոցառումները միայն Երևանում լինում։ Վերջին տարիներին այդ միջոցառումները տեղափոխվել են մարզեր։ Սա լավ է, սակայն շատ վատ է, որ այդ համերգներից մեկը տեղի է ունենում սեպտեմբերի 13-ին՝ 224 զոհերի հիշատակի օրը։
Օրինակ՝ սեպտեմբերի 13-ին զոհված արարատցի Նշանի ընտանիքը ինչպե՞ս պետք է այդ օրը մասնակցի համերգին, երբ այդ օրը իրենց տղան ընկել է շրջափակման մեջ, մինչև վերջ կռվել ու զոհվել։ Կամ երևանցի Ռոբի ընտանիքը, որի տղան Կապանում մինչև վերջ կռվելուց հետո անմահացրել է ինքն իրեն, որ գերի չընկնի։ Կամ կապանցի Արմենի ընտանիքը, որ վերջին պահին հորն ասել է՝ «լցվան խրամատ», անջատել է հեռախոսն ու հայրենիքը պաշտպանելիս անմահացել։
Factor TV-ի ռեպորտաժում, որը պատրաստելու ընթացքում փորձել եմ այս որոշում կայացնողների քայլը հասկանալ, բայց չի ստացվել։
Ես որևէ կոչ չեմ անում, բայց դու ես ընտրողը, դու ես որոշում, թե ինչպիսի արժեհամակարգ ունես և որտեղ կլինես վաղը։
Լուսանկարում՝ ըստ Bellingcat-ի, ադրբեջանցիները գնդակահարում են 2022-ի սեպտեմբերի 13-ին գերեվարված հայ զինծառայողներին
Հիշեցնենք՝ այսօր լրանում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի 3-րդ տարին, իսկ ադրբեջանական զորքերը դեռ օկուպացված տարածքներից դուրս չեն եկել։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, թշնամին խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ էր արձակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ, որի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի,Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ։
Հայաստանի իշխանությունները մինչև օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը:
Ըստ Քննչական կոմիտեի՝ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ։