ՄԻՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ի առկայությունը Հայաստանում իրական վտանգ է ՀՀ քաղաքացիների կյանքի համար
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ:
Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ու Սյունիքի ստորաբաժանումների ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:
Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է ահազանգեր լրատվամիջոցներում:
Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ սահմանային բնակիչներին զրկում է իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է համայնքներում ոռոգման ու խմելու ջրի հասանելիության (օրինակ` Սև լճի տարածքը) համար:
Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: Մայիսի 12-ից սկսած լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այս ահազանգերի վրա և արձանագրում, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
Արման Թաթոյան