«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Մուկուչյանը տեղյա՞կ է, թե ինչպես են հորինվել տեղամասային ընտրական հանձնաժողովները Գորիս համայնքում

Մուկուչյանը տեղյա՞կ է, թե ինչպես են հորինվել տեղամասային ընտրական հանձնաժողովները Գորիս համայնքում

«Սյունյաց Երկիրը» գրում է. «Գորիս համայնքի ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրությունն արդար և ազատ անցկացնելու գլխավոր նախապայմաններից մեկը (ինչպես ամեն մի ընտրության ժամանակ) տեղամասային ընտրական հանձնաժողովների օրինական ձևավորումն է:

Մի քանի օր առաջ ավարտվել է այդ հանձնաժողովների ձևավորումը: Եւ Գորիս համայնքում ձևավորվել է 18 տեղամասային ընտրական հանձնաժողով:

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ առնվազն յոթ անդամ, մեզանում հանձնաժողովները կազմավորվել են ութ հոգուց, որը նորմալ պիտի համարել:

Ութից երկուական հոգի նշանակել են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Այս դեպքում՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Հանձնաժողովների մյուս երկու անդամին նշանակելու իրավունքը վերապահված է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին:

ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 44-ը սահմանում է կարգը, թե ինչպես պետք է տարածքային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողովում նշանակի երկու անդամ:

Մինչդեռ, ըստ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի մեր աղբյուրների, հանձնաժողովի անդամներին ոչ բոլոր դեպքերում են թույլ տվել իրացնել իրենց լիազորությունները և սեփական հայեցողությամբ (գործող կարգի համաձայն) առաջադրել տեղամասային հանձնաժողովի անդամներ:

Հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը, իհարկե, չունի հանձնաժողովի անդամ առաջադրելու իրավունք՝ ի տարբերություն տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, բայց ունի այդ ամենը վերահսկելու իրավունք, ինչը չի կարողացել պատշաճ ձեւով իրականացնել:

Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները տեղամասային հանձնաժողովներում «առաջադրել են» մարդկանց, որոնց (շատ դեպքերում) չեն էլ ճանաչում. փաստորեն եղել է պարտադրանք, որին չեն կարողացել ընդդիմանալ:

Եւ «փորձյալ ու նվիրյալ» հանձնաժողովականների գորիսյան զորահավաքից չստանալով սպասված արդյունքը, ոտքի է հանվել Սիսիանի մատյան գունդը: Եւ դա այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ լինելու համար Գորիսում բազմապատիկ անգամ շատ են լիցենզավորված մարդիկ:

Արդյունքում՝ ձևավորվել են տեղամասային ընտարական հանձնաժողովներ, որոնցում (առանց բացառության) մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները:

Կատարված իրավական խեղկատակությունից առնվազն մի քանի հարց է բխում:

Առաջին. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղյա՞կ է, թե ինչպես են ձևավորվել տեղամասային ընտրական հանձնաժողովները Գորիս համայնքում: Արդյո՞ք (այդ ամենից հետո) նա կարող է երաշխավորել, որ Գորիս համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի է ունենալու օրինական ընտրություն:

Երկրորդ. թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները կարո՞ղ են անուն առ անուն պարզաբանել, թե ինչպես են առաջադրել տեղամասային հանձնաժողովի անդամներ և ում թելադրանքով:

Եվ գլխավոր հարցը՝ ինչ -որ ուժի ճնշմամբ ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովները կարո՞ղ են ազատ եւ արդար ընտրություն կազմակերպել Գորիս համայնքում:

Չսպասելով այդ հարցի պատասխանին, արդեն իսկ  հիմնավոր տարակույսներ են հնչում առ այն, թե տեղամասային հանձնաժողովները չեն կարող նորմալ քվեարկություն կազմակերպել Գորիսում ու թեկնածուների օգտին տրված ձայներն անաչառությամբ հաշվարկել:

Ստեղծված իրավիճակը հիմք է պնդելու, որ Գորիս համայնքում արդեն իսկ ստեղծված են որոշակի հիմքեր՝ ոչ արդար և ոչ ազատ ընտրության համար:

Եվ քանի դեռ ժամանակ ունենք,  ու որպեսզի Գորիս համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի ունենա ազատ և արդար ընտրություն, ապա պետք է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը րոպե առաջ հրաժարական տա (ամբողջ կազմով) և հեռանա ասպարեզից:

Միևնույն ժամանակ՝ պետք է անհապաղ անվավեր համարել համայնքի տեղամասային 18 հանձնաժողովի երկուական այն անդամների լիազորությունները, ովքեր նշանակվել են թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից:

Առանց այդ կոնկրետ քայլերի եւ առանց նոր ու լեգիտիմ հանձնաժողովներ ձեւավորելու՝  խոսք լինել չի կարող այն մասին, որ հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի կունենա ավագանու օրինական ընտրություն:

Հ.Գ. Հիմա հասկացա՞ք, թե ինչպես են նախընտրական Գորիսում չեղածից եւ չունեցածից «ֆավորիտ» հունցում»: