Նախագահը ստորագրել է ՍԴ-ին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամներ, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:
Նույն օրը խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն:
ՀՀ նախագահը պետք է ստորագրեր «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:
Читать на русском