Նիկոլ Փաշինյանի անկեղծության նոր «նշաձողը». «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն աջուձախ բոլորին մեղադրելու նոր ռեկորդ սահմանեց։ Նախկինում նա սովորաբար իր ապիկարության հետևանքների համար մեղադրում էր նախկիններին, մի քանի շաբաթ անց՝ սեփական ժողովրդին, ևս մի քանի շաբաթ անց՝ միջազգային հանրությանը և այլն, իսկ Գերմանիայում կարողացավ ընդամենը մեկ ժամվա ընթացքում ամեն ինչի համար «մեղավոր հանել» միաժամանակ և՛ պետությանը, և՛ ժողովրդին, և՛ նախկիններին, և՛ միջազգային հանրությանը, և՛ «փուչիկ» անվտանգության համակարգին։ Բայց քանի որ հասարակությունը, ինչպես միշտ, առավելապես կենտրոնացավ «թռած պագրիշկի» կարգի էկզոտիկ բառապաշարի վրա՝ ասվածի բովանդակությունը մի տեսակ երկրորդ պլան մղվեց։
Եվ այսպես՝ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Նախ իր ձախողումների համար մեղադրեց պետությանը, որը, պարզվում է, մինչև իր վարչապետ դառնալը բավարար հզորություն և միջազգային հեղինակություն չէր «գեներացրել», այսինքն՝ ինքը «բռակ» պետության վարչապետություն էր ստանձնել։ Սա, հասկանալի է, առաջին հերթին նախկիններին ուղղված մեղադրանք էր (ընդ որում՝ «նախկիններ» ասելով պետք է հասկանալ Տիգրան Մեծից մինչև 2018 թ բոլոր իշխանություններին), բայց կոնկրետ ի՛ր նախկիններին ուղղված հաջորդ մեղադրանքն ավելի էկզոտիկ էր, կարելի է ասել՝ նույնիսկ ինովացիոն։ Նա հայտարարեց, թե եթե հիմա հրաժարական տա՝ հաջորդ իշխանությունների ու նրանց գործունեության համար նույնպես ինքն է պատասխանատվություն կրելու, այսինքն՝ անուղղակիորեն իր բերած աղետների պատասխանատու հռչակեց Սերժ Սարգսյանին, որը 2018-ին փախավ պատասխանատվությունից և երկրի ապագան հանձնեց իր նման պատուհասին։
Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե հերթական անգամ չհիշեր իր «աննախադեպությունն» ու չմեղադրեր ժողովրդին։ Նախ հայտարարեց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար իր չափ հրաժարական չի տվել, հետո էլ բառացիորեն ասաց, որ «պրոբլեմն իր մեջ չի, իր կառավարության մեջ չի», պրոբլեմն այն է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ժողովուրդն իր վրա է դրել պատասխանատվությունը, ինքն էլ հո դավաճան չի՞, որ մանդատը շպրտի մի կողմ, թողնի-գնա։ Պարզ ասած՝ «ժողովուրդ ջան, դուք եք մեղավոր, որ իմ նմանին եք ընտրել, չէիք ուզում՝ չընտրեիք, բայց արդեն ընտրել եք, հո շաբաթը մեկ հրաժարական չե՞մ տալու»։ Նրան, իհարկե, հիշեցրեցին, որ 2021-ին 668 հազար մարդ «իր նմանին էր ընտրել», որովհետև ինքը խոստացել էր «խաղաղության դարաշրջան», Արցախի օկուպացված տարածքների վերադարձ, ինքնորոշման իրավունքի իրացում՝ առանց սահմանափակումների և այլն, բայց ինքը շատ հանգիստ, ժպտալով պատասխանեց՝ դե հա, բայց իրավիճակը փոխվել է, ինքն էլ իր քաղաքականությունն է փոխել, այ քեզ բան․․․
Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի բովանդակությունը մոտավորապես հետևյալն էր․ «Ժողովուրդ ջան, իմ ոչ մի ասած խոսք, ոչ մի խոստում, ոչ մի ծրագիր գրոշի արժեք չունի, որովհետև անընդհատ իրավիճակ է փոխվում։...Իմացեք՝ ես Սերժի նման թռնող չեմ, ծնկներս ծալվեն էլ՝ մինչև վերջ մանդատս պահելու եմ, պետք եղավ՝ մի քանի հազար դժգույն-դժբախտ ցուցարար էլ տանկերի թրթուրների տակ կճզմեմ, բայց իմ առաքելությունից չեմ հրաժարվի»։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: