Նիկոլ Փաշինյանն ԱՆ-ն աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
Փաշինյանը, ողջունելով աշխատակազմի անդամներին, նշեց, որ Ռուստամ Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:
«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես ՊԵԿ-ի նախագահի տեղակալ և այս ընթացում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով կազմակերպչական բարձր ընդունակություններ: Շատ կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Գիտեք, ոչ մի գաղտնիք չկա, այս առումով մենք գտնվում ենք շրջադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնութունն ունի կամք, որ Հայաստանում իսկապես լինի անկախ դատական համակարգ: Այդ առումով շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին իր կատարած աշխատանքի համար:
Նա նշեց, որ Արտակ Զեյնալյանը Հայաստանում չէ և դա է պատճառը, որ այս հանդիպմանը ներկա չէ: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արտակ Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայեցնելու հնարավորություն կլինի: