Նիկոլ Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման արձագանքների մասին
Հանդիպման արդյունքներով պետք չէ փնտրել հաղթածների և պարտվածների, այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Վիեննայի բանակցություններին հաջորդած հայտարարություններին։
«Համաձայնեք, շատ տարօրինակ իրավիճակ է, երբ երկու երկրների ղեկավարներ մի քանի ժամ սենյակում ունենում են հանդիպում, և հետո տեղի են ունենում մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են, և սա ընդհանրապես գործընթացի լրջությունը դնում է կասկածի տակ։ Մեզ համար շատ կարևոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ մնալ բանակցային գործընթացների տրամաբանությունում և շրջանակներում», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք, ըստ էության, դուրս են համատեղ հայտարարությունների շրջանակներից։ Ես հարկ եմ համարում և կարևոր եմ համարում մի քանի պարզաբանումներ մտցնել ու բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ բանակցություններն արդյունավետ դարձնելու համար մենք պետք է ինչ-որ ձևով մոռանանք հին և կրկնվող տեքստերը, որոնք ժամանակի հետ ցույց են տվել իրենց անարդյունավետությունը, և պետք է նոր մոտեցումներով առաջնորդվենք նաև նոր բանակցային գործընթացում, ինչն էլ Հայաստանն այսօր առաջարկում է»։
Փաշինյանը վերահաստատեց՝ Վիեննա են գնացել Ստեփանակերտում հայտարարած օրակարգով։
«Այսինքն՝ այն օրակարգով, ինչ մենք նախանշել էինք մարտի 12-ին Ստեփանակերտում՝ Արցախի և Հայաստանի ԱԽ համատեղ նիստում, և այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում, և շատ կարևոր է ընդգծել, որ ես ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ սա բանակցային գործընթացում ֆորմատի փոփոխության պահանջ և ակնկալիք չէ և ոչ էլ քմահաճույք, ոչ էլ նախապայման, սա ընդամենը բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր է», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Հիմա, օրինակ, երբ որ ադրբեջանական կողմն ասում է՝ «կարևորն այն է, որ բանակցությունների ֆորմատը մնացել է անփոփոխ», այսինքն՝ նրանք դրանով ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել։ Սա նախ ասում եմ՝ կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ որ մենք արդեն պայմանավորվել ենք, այսինքն՝ չփնտրել հաղթողներ և պարտվողներ»։
Փաշինյանն ընդգծեց՝ Ղարաբաղի մասնակցության հարց դնելով ընդհանրապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չեն դրել։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցության ֆորմատն ընդհանրապես կասկածի տակ չի, որևէ կասկած չկա այդ ֆորմատի վերաբերյալ, հարցն այն է, թե ի՞նչ է նշանակում այդ ֆորմատն ըստ էության։ Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, և այս առումով մենք, բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չենք դնում։ Հիմա արդյո՞ք Վիեննայում քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը, իհարկե քննարկվել է, արդյո՞ք մենք լրջորեն փաստարկել ենք այդ տեսակետը, իհարկե լրջորեն փաստարկել ենք, արդյո՞ք այս հարցի վերաբերյալ կողմերը եկել են համաձայնության, իհարկե չեն եկել համաձայնության, արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ, իհարկե՝ ոչ, դա նշանակում է, որ այդ թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք, և սա շատ կարևոր է բանակցություններն արդյունավետ դարձնելու համար», - հայտարարեց վարչապետը։
Ուղիղ հեռարձակումն՝ ԱՅՍՏԵՂ