Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի հիման վրա ստուգումներ են սկսվել
Համացանցում տարածված տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանությունում ստուգումներ են սկսվել, գրում է armtimes-ը: «
Տեսանյութի հիման վրա Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ստուգումներն սկսվել են Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է տեսանյութին.
«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում:
Իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր իր էջում գրել է.
«Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտնող՝ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո, որի արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով»:
2019 թվականի նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:
Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Նշենք, որ տեսանյութը համացանցում հայտնվեց երեկ՝ նոյեմբերի 21-ին: Դրա վաղեմությունը դեռևս հայտնի չէ: