Փաշինյան. Ամուլսարի վերաբերյալ քրգործով քննչական խումբը նոր ղեկավար կունենա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Քաղաքացու հետ Ամուլսարի մասին զրուցելիս», անդրադարձավ նաև Քննչական կոմիտեի շուրջ առաջացած աղմկոտ պատմությանը։ Մասնավորապես, պարզվել է, որ Ամուլսարի վերաբերյալ քննող քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որն էլ հաստատել է Ամուլսարի ՇՄԱԳ-ը։
«Երբ գործը հայտնվել է Յուրա Իվանյանի վարույթում, Իվանյանը զեկուցել է իր անմիջական ղեկավար պաշտոնյային, որ ինքն ազգակցական կապեր ունի Արամայիս Գրիգորյանի հետ։ Իվանյանի անմիջական ղեկավարը բացել է Քրեական դատավարության օրենսգիրքը՝ պարզելու, թե արդյոք դա բացարկի հի՞մք է։ Արձանագրել է, որ բացարկման հիմք չէ, և Իվանյանի վերադասը չի զեկուցել իր վերադասին։ Այս պատմության մեջ մենք խնդիր տեսնում ենք։ Քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, և այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որը նշանակվել է մոտ 15 օր առաջ։ Կձևավորվի քննչական նոր խումբ, որը և՛ նախկինում, և՛ նոր ի հայտ եկած փաստերը կքննի և պատասխան չստացած հարցերին կգտնվեն պատասխաններ՝ քրեական գործի շրջանակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։