«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Փաշինյան. «Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն»

Փաշինյան. «Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն»

Հայաստանը չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը նման քայլի գնա, ապա Հայաստանը նրան պարտադրելու է խաղաղություն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպմանը՝ Փաշինյանը նշեց, որ այն անցել է կառուցողական մթնոլորտում:

«Համանախագահների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ ասվել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել և ուժեղացնել հրադադարի ռեժիմը: Կա արդյոք հնարավորություն, որ մենք դրժենք այդ պայմանավորվածությունը. ոչ, այդպիսի հնարավորություն չկա: Բայց եթե հանկարծ որևէ մեկը դրժի այդ պայմանավորվածությունը, ապա դա չի նշանակում, թե մենք չենք պաշտպանվելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը չի լինելու: Նախարար Տոնոյանը այն վերաձևակերպել էր այսպես՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:

«Մենք ասում ենք, մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցող չենք: ՊՆ հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական, առավել ևս ոչ մի ապակառուցողական բան չկա: Եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսեց, մտածում է, որ Հայաստանը հանձնվելո՞ւ է: Իհարկե՝ ոչ: Մենք ասում ենք՝ մենք թիվ մեկ ջատագովն ենք, որ ղարաբաղյան հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, և մենք ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ առաջ քաշենք խաղաղության օրակարգը: Եվ եթե մենք անընդհատ խոսում ենք խաղաղության օրակարգից, ապա թող տպավորություն չլինի, որ պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք: Որքան պատերազմի սպառնալիքից մենք վախենալու բան ունենք, այնքան էլ Ադրբեջանն ունի վախենալու բան, և ընդհանրապես տարածաշրջանն ունի վախենալու բան: Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն: Մենք չենք պատրաստվում ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, ապա մենք պարտադրելու ենք խաղաղություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն