Փաշինյան. Ոմանք շարժվում են դեպի պետական դավաճանություն, նրանցով կզբաղվի ԱԱԾ-ն (տեսանյութ)
Դեկտեմբերի 2-ին Գորիսում ունեցած իր ելույթում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որոշ քաղաքական ուժեր սուտ հայտարարություններ են տարածում Ղարաբաղի վերաբերյալ նոր կառավարության դիրքորոշման մասին՝ «հասկանալով, որ առաջիկա ընտրությունները լինելու են իրենց մահվան արձանագրումը».
«Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ ասում են, թե հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, և մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում ու նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ։ Երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն է, երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում, որ ՀՀ-ն զենք չի գնում, ես մտածում եմ՝ էս մարդիկ էս հայտարարություններն ինչի՞ են անում: Անկեղծ ասած՝ որևէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց մահվան արձանագրումը»։
Ըստ Փաշինյանի՝ նման հայտարարություններ տարածող մարդիկ՝ իրենց քաղաքական մոտալուտ մահը արձանագրելով, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով, դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային և անձնային շահերը.
«Սա շատ լուրջ վարկած է, որովհետև ես իրոք այլ բացատրություն չեմ կարողանում գտնել։ Իմ ասած վարկածի և այդ հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն նաև Ազգային անվտանգության ծառայությունը և ռազմական հակահետախուզությունը, որովհետև որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն, և ես չեմ վախենում այս հայտարարությունն անել։ Եվ ես ուզում եմ ասել՝ այսօրվա կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդը ունեն բավարար լծակներ, որպեսզի արմատախիլ անեն մեր Զինված ուժերի թիկունքում քայքայիչ գործողություններ անելու փորձեր անող որոշ ուժերի:
Եթե որևէ մեկը ժողովրդական հեղափոխությունը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որևէ հակազգային կամ հակապետական դավադրության մեջ, մենք իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա ազդեցության գործակալներ լինելու մեջ»։
Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում չհստակեցրեց, թե որ ուժերին նկատի ուներ իր վերլուծությունում։ Միայն ասաց, որ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել այս հարցով։