Պատգամավորներն առաջարկում են զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացնել
ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել և խստացել զինծառայողներին ինքնասպանության հասցնելու համար քրեական պատասխանատվությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը:
«Խնդիրը լրջագույն կարգավորման անհրաժեշտություն ունի: Տևական ժամանակ խնդրի ուղղությամբ աշխատել ենք նաև օմբուդսմենի հետ: Ոչ կանոնադրական, ոչ արդար հարաբերությունները երբեմն բերում են նրան, որ զինվորն ինքնասպան է լինում: Ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը, Իսրայելում հատուկ հանձնաժողովներ կան, որտեղ հոգեբաններ են աշխատում՝ այդ վատ ենթամշակույթը վերացնելու համար: Խիստ մասնագիտացված հանձնաժողովները, որոնք աշխատում են նորակոչիկների հետ, էականորեն նվազեցնում են ինքնասպանությունների թիվը»,-ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորները նախագծով ի սկզբանե ներկայացրել էին պատժաչափերի իրենց առաջարկները: Սակայն կառավարությունն առաջարկել է շարադրել հետևյալ կերպ՝ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, եթե բացակայում են սույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 358.1-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշները պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում պատժվում է ազատազրկմամբ՝ 6-9 տարի ժամկետով: Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում է ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով: Իսկ զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում պատժվում է ազատազրկմամբ՝ 7-13 տարի ժամկետով: Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում են 8-14 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Զոհրաբյանը նշեց, որ կառավարության առաջարկներն իրենց համար ընդունելի են և նախագիծն առաջարկում են քվեարկության դնել այդ տարբերակով:
Ներկայում Քրեական օրենսգրքի 110 հոդվածով սահմանվում է, որ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Զոհրաբյանը նկատեց, որ նույն օրենսգրքի 358-րդ հոդվածում որևէ խոսք չկա զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում հոգեբանական բռնության մասին, զինվորի արժանապատվությունը նվաստացնելու մասին: Նա առավելագույնը 3 տարի պատժաչափը շատ քիչ համարեց: