ՊԲ. Թշնամին շարունակում է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները
Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ-ն:
«Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում:
Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:
Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»:
Հիշեցնենք, երեկ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: