ՊՆ. Սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր զորահավաք
Սեպտեմբերի 15-ից մեկնարկում են եռամսյա նոր հավաքներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 - Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում»:
ՊՆ-ն հայտնում է` հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:
Հավաքների մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
Հիշեցնենք՝ Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացվում են նաև պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։ ՊՆ-ն հայտարարել է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: