ՊՆ. Սյունիքում հայ զինվորականներ են կորել
Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ տարածված հաղորդագրության` զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայողներ են։
Նրանց հետ կապը կորել է հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ են կատարել։ ՊՆ-ն հայտնում է, որ անմիջապես որոնողափրկարարական աշխատանքներ են մեկնարկել, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Ըստ ՊՆ-ի` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։
Տարածված տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել Սև լճի տարածքում, երբ հայ զինվորները մեքենայով սնունդ տանելիս են եղել այնտեղ տեղակայված ստորաբաժանումներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Հայկական կողմը զոհ ունի։