Փոփոխություններ կկատարվեն «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում
Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով:
Փոփոխության նպատակն է Պայմանագրի 3-րդ և 6-րդ հոդվածներում կատարել փոփոխություններ. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Մասնակից պետությունները ձեւավորում են Հավաքական անվտանգության խորհուրդ՝ կազմված մասնակից պետությունների ղեկավարներից կամ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարներից, եթե, համաձայն իրենց պետությունների օրենսդրությունների, իրենք իրավասու են որոշումներ կայացնել Խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ», իսկ 6-րդ հոդվածի առաջին պարբերության «մասնակից պետությունների ղեկավարների» բառերից հետո լրացնել «կամ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից, եթե, համաձայն իրենց պետության օրենսդրության, իրենք օժտված են համապատասխան լիազորություններով» բառերով: