Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի խնդիրը
Ռուսաստանն ու Ֆրանսիան հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս ընդգծվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և օգնում են մարդկանց վերադառնալ խաղաղ կյանքի։
«Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորությունը, այդ թվում ՝ տարածաշրջանում հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում», - ասել է ՌԴ նախագահը` հանդիպման արդյունքներն ամփոփելով:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ներկայացրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքները: