ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արձագանքին
Ռուսաստանը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արձագանքին՝ սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Արձագանքելով ԵԽԽՎ բանաձևին, որում ներառված էր հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը` Զայցևն արձագանքեց, որ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ ԵԽ- ում Ռուսաստանի պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերներից:
«Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթները հակասություններ են առաջացրել կողմերի միջև», - ասել է Զայցևը:
Նրա խոսքերով` Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում խնդիրների և միջադեպերի երկարաժամկետ վերացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը սահմանազատող հանձնաժողովի ստեղծումն է` դրան հաջորդող սահմանազատմամբ:
Ռուսական կողմը ձևակերպել և քննարկման է ներկայացրել Երևանին և Բաքվին համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկն ապահովելու առաջարկներ:«Մենք ակնկալում ենք գործընկերների արձագանքը», - ասել է Զայցևը:
Մոսկվան կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շփումները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալը.
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Պուտինի ինտենսիվ շփումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները»,-ասել է Զայցևը:
Նշենք` սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» բանաձևը, որը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը: Հայաստանի օմբուդսման Արման Թաթոյանի առաջարկը` հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ, ներառված է բանաձևում: