ՌԴ-ն կոչ է անում ամբողջությամբ բացել Լաչինի միջանցքը (տեսանյութ)
Ռուսաստանը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է խոչընդոտ, առիթ դառնան բանակցային գործընթացի սառեցման համար։ Անհրաժեշտ է ինչ-որ կերպ վերսկսել աշխատանքը կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը և քաղաքացիական հասարակության շփումները», - ավելացրել է նա։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս արտաքին խաղացողների, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչ անելով ու հայտարարություններով, Ռուսաստանը տեղում հանգուցալուծում է փնտրում և հումանիտար աջակցություն ցուցաբերում:
«Մենք կոչ ենք անում ամբողջությամբ ապաարգելափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Եվ կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները կարգավորելու համար», - նշել է Զախարովան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։