ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտում է արձանագրվել
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային տրանսպորտով 263,8 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ:
Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայիսի 28-ին։
Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ Ադրբեջանիի իշխանության քաղաքացիական հագուստով գործակալներին փոխարինեցին ուժային մարմինների աշխատակիցները:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել, որում Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետով անցնում են հայկական պետհամարանիշներով մեքենաներ, և անցակետի ադրբեջանցի ծառայողները ստուգում են Արցախի քաղաքացիների անձնագրերը, մեքենաները։
Նշենք, որ ապրիլի 29–ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել, նաև կասեցվել է ԿԽՄԿ-ի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախ: