Ռոբերտ Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է
Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է:
Նրա կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին: Անձը, որն առերևույթ իրականացրել է տուժողների վրա ներգործելուն ուղղված գործողություններ, ձերբակալվել է»,- նշեց Խաչատրյանը:
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։
«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ, խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նյութը հասանելի է նաև ռուսերեն