Ռուսաստանը վետո դրեց Ուկրաինայի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Լրագրողներին տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ` ռուսական զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Մասնավորապես` 14 ռազմական օդակայաններ, 19 կառավարման կետեր և կապի հանգույցներ, 24 հակաօդային պաշտպանության С-300 և Оса զենիթային հրթիռային համալիրներ, 48 ռադիոլոկացիոն կայաններ Խոցվել է 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք»,–ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ շարքից դուրս են բերել 87 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 28 համակարգեր, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերով ոչնչացվել է ուկրաինական ռազմածովային ուժերի 8 մոտորանավակ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային տրամադրել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում 350 մլն դոլար` պաշտպանության ոլորտում:
«Պետքարտուղարին տրամադրել հետեւյալ լիազորությունները ... անհապաղ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային», - ասված է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում:
Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ պետքարտուղարն իր լիազորությունների շրջանակում պետք է որոշի՝ արդյոք ԱՄՆ-ի շահերին համապատասխանում է Ուկրաինային 250 մլն դոլարի անհատույց օգնության տրամադրումը»,– ասված է փաստաթղթում:
Եվս 350 մլն դոլար է գնահատվել պաշտպանության առարկաները և ռազմական նախարարության ծառայությունները, որոնք հանձնարարում է ԱՄՆ նախագահը, մասնավորապես՝ ուսուցումը և վարժանքները:
Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես կասեցվել են: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը:
«Ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։
Ռուսաստանի Դաշնության համար մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է դատարանի անդամ, և Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքները նախկինի պես կքննվեն և կորոշվեն դատարանի կողմից: Կասեցումը ոչ թե վերջնական միջոց է, այլ ժամանակավոր, որը բաց է թողնում կապի ուղիները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը երեկ՝ փետրվարի 25-ին, վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը մտահոգություն էր հայտնում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցում և պահանջում էր Ռուսաստանից անհապաղ դուրս բերել իր զորքերը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը կողմ են քվեարկել ԱՄՆ-ի և Ալբանիայի առաջ քաշած բանաձևին, իսկ Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ը ձեռնպահ են մնացել, հաղորդում է Agence France-Presse (AFP) գործակալությունը:
Փաստաթուղթն առաջարկում էր պարտավորեցնել Մոսկվային դադարեցնել Ուկրաինայի դեմ ուժի կիրառումը և զերծ մնալ ՄԱԿ-ի ցանկացած պետության դեմ ուժի կիրառման սպառնալիքից։ Ըստ բանաձևի նախագծի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պարտավորեցներ Ռուսաստանին անհապաղ, ամբողջությամբ և առանց նախապայմանների դուրս բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից։ Բացի այդ՝ Ռուսաստանը պետք է չեղարկեր Դոնեցկի և Լուգանսկի անջատողական միավորների ճանաչման որոշումը։ Փաստաթուղթը կողմերին կոչ էր անում հավատարիմ մնալ Մինսկի համաձայնագրի դրույթներին և կառուցողական աշխատանք տանել համապատասխան միջազգային ձևաչափերում, ներառյալ նորմանդական ձևաչափում և եռակողմ կոնտակտային խմբում:
Ավելի քան 50 հազար մարդ դուրս է եկել Ուկրաինայից։ Այս մասին Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Ավելի քան 50 հազար ուկրաինացի փախստականներ դուրս են եկել իրենց երկրից վերջին 48 ժամվա ընթացքում, մեծ մասը Լեհաստան ու Մոլդովա», - գրել է նա, նշելով, որ ավելի մեծ քանակի մարդիկ շարժում են դեպի սահմաններ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։