«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Սամվել դպիր Գրիգորյան. Սարդարապատի հերոսամարտում Եկեղեցու դերը

Սամվել դպիր Գրիգորյան. Սարդարապատի հերոսամարտում Եկեղեցու դերը

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ

Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության այն բացառիկ էջերից է, երբ Եկեղեցու դերն ու հոգևորականի կերպարը դուրս եկան ավանդականսպասավորության սահմաններից՝ դառնալով ազգային գոյության պահպանման առանցքային դերակատար։ Ճակատամարտի հաղթանակի հիմնաքարը դրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի աննկուն կամքի շնորհիվ։

Երբ թուրքական զորքերը մոտենում էին Էջմիածնին, և զինվորական հրամանատարությունը առաջարկում էր Կաթողիկոսին անվտանգության նկատառումներով տեղափոխվել Սևան, Վեհափառը կայացրեց պատմական որոշում՝ անվարան մնալու Մայր Աթոռում ու եթե հայ զինվորը չկարողանա պաշտպանել հայ ազգի սրբության սրբոցը, ապա պատրաստ լինել մեռնելու հենց տաճարի շեմին։ Նրա հրամանով հնչեցին Մայր Աթոռի և շրջակա բոլոր եկեղեցիների զանգերը՝ 6 օր շարունակ տագնապ հնչեցնելով և ժողովրդին կոչ անելով զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ Սա ստեղծեց համազգային զարթոնքի մի հզոր տրամադրվածության մթնոլորտ։

Եկեղեցին Սարդարապատում ներկայացված էր ոչ միայն աղոթքով, այլև զենքով։ Հոգևորականները կազմեցին առանձին ջոկատներ և դարձան զինվորների կողքին մարտնչող առաջամարտիկներ՝ «Վասն Հաւատոյ և վասն Հայրենեաց»։

Բազմաթիվ սարկավագներ, վարդապետներ ու քահանաներ իրենց զգեստների վրայից կապեցին փամփշտակալներ և դարձան մարտիկներ՝ սեփական օրինակով ցույց տալով, որ հայրենիքի և սրբությունների պաշտպանությունը սուրբ գործ է։
Եկեղեցու ներկայությունը ճակատամարտին հաղորդեց սրբազան բնույթ։ Զինվորը հասկանում էր, որ կռվում է ոչ միայն հողի, այլև իր հավատքի և սրբությունների համար։ Մարտից առաջ հոգևորականները կատարում էին ընդհանրական խոստովանություններ և բաշխում Ս․Հաղորդություն, ինչը զինվորին տալիս էր հոգևոր ամրություն, անսասանություն և մահն անտեսելու ուժ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածվել էր ռազմական ճամբարի և կազմակերպչական կենտրոնի։ Եկեղեցու միջոցներով և ջանքերով կազմակերպվում էր ժողովրդական աշխարհազորի սնունդը, հագուստը և բժշկական օգնությունը։

Մարտերին զուգահեռ Եկեղեցին շարունակում էր հազարավոր գաղթականներին խնամքի տրամադրումը՝ թույլ չտալով, որ թիկունքում քաոս սկսվեր, ինչը կթուլացներ ռազմաճակատը։

Առանց Եկեղեցու վճռական կեցվածքի և հոգևորականների անձնական սխրանքի, Սարդարապատի հաղթանակը՝ որպես հոգու և կամքի պատմական հաղթանակ, հազիվ թե հնարավոր լիներ։

Սամվել դպիր Գրիգորյան