«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Շահեն Պետրոսյանը մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման պատմությունից

Շահեն Պետրոսյանը մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման պատմությունից

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը (1993-96 թթ.) «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասներ հաղորդեց 1990-ական թթ. Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության հաստատման պատմությունից՝ նշելով, որ այն ժամանակ Եվրոպական քաղավիացիայի կոմիտեն պարտադրել է Թուրքիային բացել Հայաստանի հետ օդային սահմանը:

Շահեն Պետրոսյանը պատմեց, որ 1993 թվականին, երբ ինքը նշանակվել է քաղավիացիայում, հետաքրքրվել է ավիատոր մասնագետներից, թե ի՞նչն է պատճառը, որ փակ է նաև Հայաստան-Թուրքիա օդային սահմանը, և պարզել է, որ երբ Հայաստանը անկախացել է, մասնագետները չեն զգուշացրել, որ պետք է նաև օդային սահմանները հաստատվեն: Հայկական կողմն այդ հարցով դիմել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսին՝ ECAC-ին (European Civil Aviation Conference): Իսկ այդ ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը արդեն բանակցություններ էին վարում Թուրքիայի ղեկավարության հետ:

«Ես այդ ամենի մասին տեղեկացրեցի իշխանություններին, որ պետք է ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, քանի որ մենք, ցամաքային շրջափակումից բացի, նաև օդային բլոկադայի մեջ էինք, իսկ Թուրքիան դրա իրավունքը չուներ: Թուրքիան արդարանում էր, ասում էր՝ «մեր սահմանը, որ կա, Սովետական Միության սահմանն է, իսկ Սովետական Միություն այլևս գոյություն չունի»: Եվ մենք ստիպված էինք հաստատել, որ դա Հայաստանի Հանրապետության սահմանն է: Մեզ շատ օգնեց եվրոպական ECAC կազմակերպությունը: Մենք ավելի քան մեկ տարի պայքարում էինք դրա համար, և ի վերջո ECAC-ը պարտադրեց Թուրքիային, որ նա բացի Հայաստանի հետ օդային սահմանը: Քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունեինք, շատ բարդ էր այդ գործընթացը: Եվ հանկարծ մի օր ինձ զանգահարեց Թուրքիայի իմ գործընկերը՝ իրենց ավիացիայի ղեկավարը, ասում է՝ «էֆենդի Պետրոսյան, կարո՞ղ եք գալ, մենք փաստաթղթերը արդեն պատրաստել ենք, որ օդային սահմանը բացվի»: Ես պատասխանեցի՝ «միգուցե դո՞ւք գաք», ասաց՝ «չէ, մեզ մոտ ամեն ինչ արդեն պատրաստ է»»:

Այդպես մի փոքրիկ օդանավով՝ Յակ-40-ով Երևանից մեծ պատվիրակություն է մեկնում Անկարա, որտեղ 1995 թվականի ապրիլի 20-ին ստորագրվում է Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման մասին միջգերատեսչական համաձայնագիրը:
«Այդ ժամանակ մենք օդային երկու միջանցք ունեինք, որոնցից մեկը կոչվում էր «H 50», մյուսը՝ «H 51»: Դրանցից մեկն անցնում էր Արարատ լեռան վրայով, մյուսը՝ Կարսի: Դա մեծ օգուտ եղավ Հայաստանին, որովհետև տարանցիկ օդանավերն արդեն սկսեցին օգտվել այդ մայրուղուց և թռիչքները կատարում էին Հայաստանի վրայով՝ Եվրոպայից դեպի Հեռավոր Արևելք: Դրա շնորհիվ Հայաստանը աերոնավիգացիայի համար տարեկան 1 մլն դոլարի եկամուտ էր ստանում», - բացատրեց Հայաստանի քաղավիացիայի նախկին ղեկավարը:

Այդպիսով «Հայկական ավիաուղիների» միջոցով 1995 թվականի մայիսին բացվել է Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթը շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Ծրագրեր են եղել նաև Գյումրի-Կարս ավիաթռիչքներ իրականացնելու վերաբերյալ, սակայն այդ ծրագիրը կյանքի չի կոչվել:

Շահեն Պետրոսյանի խոսքով՝ 2000-ականներին՝ մինչև 2016 թվականը, նաև հակառակ ուղղությամբ՝ Ստամբուլ-Երևան ավիաթռիչքներ են եղել թուրքական «Պեգասուս» ավիաընկերության օդանավերով, սակայն 2016-ին, երբ տարածաշրջանային իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ կրկին բարդացավ, այդ թռիչքները դադարեցվեցին:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում