Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը
ՀԱԿ-ը կոչ է անում ուժերը ջլատելու և անարդյունավետ ակցիաներ անցկացնելու փոխարեն քաղաքական գործընթացները կենտրոնացնել ընտրությունների միջոցով Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը։
«ՀԱԿ-ը հորդորում է կենտրոնանալ ընտրությունների ճանապարհով Փաշինյանին հեռացնելու վրա, որովհետև անցած 6 ամիսների փորձը ցույց է տվել, որ լոկալ բողոքի ակցիաները ոչ թե քաղաքական կամ ներքաղաքական խնդիր են լուծում, այլ ընդամենը օգնում են, որ դրսից Փաշինյանի վրա ճնշումներն ակտիվանան»,- ասաց նա։
Սուրենյանցի խոսքով` բողոքի ակցիաները պետք է չլինեն ինքնանպատակ, եթե չեն կարողանում Հայաստանում իշխանափոխության հասնել։ Խոսքը, սակայն ինքնաբուխ փողոց դուրս եկած քաղաքացիների մասին չէ։
«ՀԱԿ-ը մեղադրում է ոչ թե ինքնաբուխ փողոց դուրս եկած քաղաքացիներին, որոնց կարելի է հասկանալ, այլ նրանց, ովքեր քաղաքական դիվիդենտներ շահելու հետևանքով ջուր են լցնում արտաքին խաղացողների ջրաղացին»,- նշում է քաղաքագետը։
Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակին և այդ առիթով տեղի ունեցող ցույցերին: