«Թամամ խոսքը» ճիշտ ընթերցելու արվեստը. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանն իրադրությունը տանում է դեպի նոր էսկալացիա, իսկ «մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատճառը»։ Թարգմանաբար սա նշանակում է, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի գոյության իրավունքը (ոչ թե տարածքային ամբողջականությունը, այլ ընդամենը որպես պետություն գոյության իրավունքը՝ առանց սահմանների հստակեցման), Հայաստանը պատրաստ կլինի ընդունել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է՝ այնպես, ինչպես դա պատկերացնում է Ադրբեջանը։
Հիմա՝ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները»։ «Ճիշտ ընթերցելու» համար առանձնապես մեծ խելք պետք չէ, տառաճանաչ լինելը բավարար է, առավել ևս՝ որ Ադրբեջանն ամեն ինչ բաց տեքստով է ասում։ Շատ ավելի բարդ է «ուղերձները ճիշտ ընթերցելուց» հետո նաև ճիշտ եզրակացություններ անելն ու ճիշտ քաղաքականություն մշակելը։ Եվ այս համատեքստում հարց է առաջանում․ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը «համառորեն առաջ տանում խաղաղության օրակարգը», և ինչո՞ւ որևէ մեկը բանի տեղ չի դնում նրա այդ համառությունը։
Սկսենք նրանից, որ խաղաղության ձգտումն ինքնին գրոշի արժեք չունի, եթե դրան ձգտում է հակամարտող կողմերից միայն մեկը, իսկ մյուսին (և մեծ հաշվով՝ հիմնական միջնորդներին) այդ խաղաղությունը պետք չէ։ Նիկոլ Փաշինյանը խաղաղությունը պատկերացրել և պատկերացնում է մոտավորապես այսպես՝ Արցախի հարցը վերջնականապես փակվում է, այն ամբողջովին հայաթափվում է, դրա դիմաց հաջողվում է կայուն և տևական խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ու որոշ ժամանակ անց Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից։ 44-օրյա պատերազմից հետո նրան թվացել է, թե քանի որ Արևմուտքի նպատակը նույնպես տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղումն է, ուստի իր պատկերացրած այս մոդելը մեկին մեկ համընկնում է Արևմուտքի նպատակներին, հետևաբար՝ Արևմուտքը կօգնի իրականացնել այդ ծրագիրը, անհրաժեշտության դեպքում ճնշումներ կգործադրի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի նկատմամբ, և «խաղաղության դարաշրջանը» կբացվի։ Նիկոլի ռազմավարական սխալն այն է, որ նրան թվացել է, թե «խաղաղության դարաշրջանի բացումը» տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման միա՛կ տարբերակն է, մինչդեռ Արևմուտքի համար դա ընդամենը տարբերակներից մեկն է։ Գուցե՝ նախընտրելին, բայց եթե այդ ճանապարհով չի ստացվում՝ կա նաև այլ տարբերակ․ հրահրել Հայաստանի դեմ նոր ագրեսիա, որի դեպքում Ռուսաստանը կամ կմիջամտի և ռազմական առճակատման մեջ կմտնի Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ (այդպիսով՝ խրվելով «երկրորդ ճակատում»), կամ չի միջամտի և այդպիսով դուրս կմղվի տարածաշրջանից։
Առաջին տարբերակը՝ տևական խաղաղություն հաստատելով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, փաստացի ձախողվել է, որովհետև Ադրբեջանը չի համաձայնվում (ի դեպ՝ այդպիսով մեծ ծառայություն մատուցելով Ռուսաստանին, ինչը Մոսկվայում հասկանում և գնահատում են)։ Մնում է երկրորդ տարբերակը՝ «նոր էսկալացիան», որը Ռուսաստանն առայժմ կարողանում է կանխել, բայց հետագայում ևս կկարողանա, թե ոչ՝ առավելապես կախված է ռուս-թուրքական հարաբերությունների ընթացքից։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: