«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Տիգրան Եգորյան. «Սա է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջը»

Տիգրան Եգորյան. «Սա է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջը»

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության (ԻԵՄ) ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը 1-ին լրատվականի հետ զրույցում մեկնաբանում է Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում ՍԴ դատավորի երդման ժամանակ արված այն հայտարարությունը, որ, ընտրվելով և երդվելով որպես ՍԴ դատավոր, ստանձնում է նաև ՍԴ դատարանի նախագահի լիազորությունների կատարումը։

«Սահմանադրական դատարանի անդամ և սահմանադրական դատարանի դատավոր եզրույթները չունեն նույնական բովանդակություն, դրանք բացառապես տարբեր բովանդակակիր եզրույթներ են և այո, ՍԴ-ն ունի երկու դատավոր, ինչի մասին շատ հստակ նշել է Վահե Գրիգորյանըն իր երդման ժամանակ»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ բացատրելով, որ համաձայն Սահմանադրության 213-րդ և 166-րդ հոդվածների, այս պահին ՍԴ ունի միայն երկու դատավոր։

«Քանի որ ՍԴ մինչ այդ ունեցել է միայն մեկ դատավոր և չի ունեցել նաև դատավորների կողմից ընտրված ՍԴ նախագահ, որն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, ապա ՍԴ նախագահի լիազորությունների կատրումն իրականացնում է տարիքով ավագ ՍԴ դատավորը։ Երդվելու և պաշտոնը ստանձնելու պահից սկսած տարիքով ավագը Վահե Գրիգորյանն է, քանի որ մյուս ՍԴ դատավորն այս պահին արձակուրդում է»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ սա է Սահմանադրության և « Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջը։

Արդյոք չկա որևէ՞ հակասություն և արդյոք հիմնավոր չե՞ն այն պնդումները, որ ՍԴ անդամները իրավասու են շարունակել պաշտոնավարել 2005թ. ընդունված Սահմանադրությամ կարգավորումներով մինչև իրենց լիազրությունների ավարտը, հարցին, Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ պաշտոնավարումը վերաբերում է անդամներին և նրանք շարունակում են պաշտոնավարել՝ չունենալով, սակայն, որևէ լիազորություն և գործառույթ։ «Ես չեմ ուզում այնպիսի արտահայտություններ կիրառել, որոնք սխալ կարող են հասկացվել, բայց եղածը կարելի է համեմատել դեկորացիայի հետ։ Նրանք ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ « Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, որևէ լիազորություն կամ գործառույթ ՍԴ-ում չունեն»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Ըստ ՀՀ սահմանադրության 213-րդ հոդվածի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Մեկնաբանելով այս կարգավորումը՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ Հրայր Թովմասյանը ընտրվել է ՍԴ նախագահ և այդ պաշտոնում եղել մինչև 2018թ. ապրիլի 9-ը, երբ նոր սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ, որից հետո, ուժի մեջ մտնելու պահից ի վեր, անհրաժեշտ էր, որ համապատասխան լիազորություններով օժտված բոլոր սահմանադրական մարմինները՝ նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը կատարեին ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրումներ, ինչը չի արվել։

«Սա ենթադրում է, որ այն պահից, երբ ՍԴ նախագահի լիազորությունների կատարման շրջանակում, ՍԴ-ի կողմից համապատասխան ծանուցումներ կներկայացվեն համապատասխան մարմիններին, պետք է կատարվեն առաջադրումներ՝ ի ապահովում Սահմանադրության պահանջի,- բացատրում է Տիգրան Եգորյանն ու ավելացնում,- այս մեկ տարվա ընթացքում ընդունված ՍԴ որոշումների հարցը ևս պետք է քննության առնի ՍԴ-ն ձևավորումից՝ ՍԴ դատավորների ընտրվելուց հետո, պետք է ՍԴ-ն քննարկի այդ որոշումների ընդունման սահմանադրականության հարցը»։

Քննարկման մյուս բանախոս, քաղաքագետ Ստյոպա Սաֆարայնն էլ նշեց, որ կատարվածը թափթփվածության նշան է, և որ այս ճգնաժամ ստեղծողը Հրայր Թովմասյանն ու նախկին իշխանությունն են։ «Որևէ մեկը պարտավոր չէ ապրել նրանց ստեղծած խառնաշփոթի պայմաններում։ Ես ողջունում եմ պարոն Գրիգորյանի մոտեցումը, որ բոլոր մարմինները պետք է ենթարկեցվեն և առավելագույնս համապատասխանեցվեն Սահմանադրությանն ու ՍԴ մասին օրենքի պահանջին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Հարցին արդյոք նախորդ իշխանություններն այդքա՞ն անհեռատես էին, որ թույլ տային նման սխալ և կանգնեին փաստի առաջ, Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Այստեղ շատ տարբեր վարկածներ կարելի է առաջ քաշել, բայց դրա իմաստը չկա։ Սա փաստ է, և այս պահին մենք գործ ունենք այս Սահմանադրության հետ։ Սահմանադրությունը հանրաքվեի դրվելուց և քննարկվելուց հետո, անկախ դրա հայեցակարգի և այլ հարցերի վերաբերյալ խնդիրներից, քանի դեռ դրանք իրավական գնահատական չեն ստացել, մենք պարտավոր ենք իրավական և ազգային անվտանգության խնդիրներից ելնելով, հիմք ըննդունել գործող Սահմանադրությունը»։

Պարոն Եգորյանը հիշեցրեց, որ դեռևս մինչև 95թ՝ մինչև առաջին Սահմանադրության ընդունումը և այդ Սահմանադրության շուրջ քննարկումները, սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների ընթացքում, մոտ չորս տարի, այդ թվում՝ միջազգային փորձագետների հետ համատեղ քննարկվել է «ՍԴ դատավորներ, թե անդամներ» կոնցեպտը և հաշվի առնելով այդ ժամանակվա պատմաքաղաքական և իրավաքաղաքական իրողությունները, այդ ժամանակվա Սահմանադրության հեղինակներն ընդունել են ՍԴ անդամների կոնցեպտը՝ կանխատեսելով, որ հետագայում հանրապետությունում զարգացումների համապատասխան ընթացքի պարագայում, կապահովեն արդեն բարեփոխումների երկրորդ և երրորդ փուլերը, որի ընթացքում էլ տեղի կունենա ընդունված կոնցեպտի փոփոխություն։

Անդրադառնալով դիտարկմանը, թե կատարվածը ուզուրպացիա է, Տիգրան Եգորյանն ասաց, որ այդ հարցին պետք է պատասխանեն ՍԴ անդամները,. «Իրենց կողմից եղել է գիտակցված և դիտավորյալ ՍԴ դատավորի լիազորությունների ուզուրպացում՝ յուրացում, թե սա իրենց կողմից եղել է ճակատագրական, գուցե ներելի սխալ, սխալ, որի պատասխանը նրանք, Վահե Գրիգորյանի կողմից նշած քննարկումների ընթացքում պետք է տան։ Մենք կիմանանք դրա պատասխանը, որից հետո պարզ կդառնա հետագա ընթացքն ու ձեռնարկվելիք միջոցների հարցը»։

Ըստ Եգորյանի՝ այս Սահմանադրությունը կառավարման համակարգի տեսանկյունից լրջագույն խնդիրներ է պարունակում, որը վերաբերում է հակակշիռների և փոխադարձ զսպումների մեխանիզմներին։ Հետևաբար ՍԴ ձևավորումը և Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ողջ սպեկտրով գործելը չափազանց կարևոր է, որի բացակայությունը կարող է հանգեցնել այդ թվում ազգային անվտանգության խնդրի»,- ասաց Տիգրան Եգորյանը։ 

«Իրավունքի Եվրոպա միավորում»