«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Վահրամ Աթանեսյան. 1998թ․ իշխանափոխությունը սպասարկել է Բաքվի շահերը

Վահրամ Աթանեսյան. 1998թ․ իշխանափոխությունը սպասարկել է Բաքվի շահերը

Անդրանիկ Թեւանյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիներին «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարից եկել էինք մի վիճակի, որն, իհարկե, երազանքների գագաթնակետը չէր՝ Մադրիդյան սկզբունքները, բայց․․․ միջազգային հանրությունն ընդունել էր, որ Ղարաբաղը կարող է ինքնորոշվել Ադրբեջանի կազմից դուրս, Ադրբեջանն էլ էր ընդունել այդ մոտեցումը»։

Սկսենք վերջից․ Ադրբեջանը երբեք չի ընդունել, որ ԼՂ-ն կարող է ինքնորոշվել որպես անկախ պետություն։ Հակառակ դեպքում Իլհամ Ալիեւը կստորագրեր Կազանի փաստաթուղթը։ Չէր ընդունել նաեւ միջազգային հանրությունը։ Այլապես  Մադրիդյան սկզբունքներում չէր ասվի, որ ԼՂ-ում հետաձգված հանրաքվեի հարցերի շրջանակը չի կարող սահմանափակվել մեկով եւ որպես լեգիտիմության նախապայման չէր դնի նախկինում այնտեղ բնակված ադրբեջանցիների վերադարձը՝ ըստ խորհրդային վերջին մարդահամարի էթնիկ համամասնության։ Այսինքն, հանրաքվե կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում,  եթե վերադառնային քառասուն հազար ադրբեջանցիները։ Բացահայտ կեղծիք է, թե կարգավորման փուլային տարբերակը ենթադրում էր «Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում»։

Միայն այն, որ հակամարտության զինված փուլին վերջ տալու համաձայնագիրն ստորագրող կողմ էր նաեւ ԼՂ-ն, զրոյացնում է այդ տարբերակին ընդդիմացողների բոլոր փաստարկները։ Խաղաղության  պայմանագրի լիարժեք կողմը հետագայում չէր կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ձեռք էր բերում այդ փուլում։ Եւ ամենավերջում․ 1998-ի իշխանափոխությունը տեղի էր ունեցել ոչ թե ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի, այլ 8000 քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու, դրանից հետո Միացյալ Հայաստան հռչակելու ծրագրով։ Եւ փաստը, որ իշխանափոխությունից ութ ամիս անց Հայաստանն ընդունել է «Ընդհանուր պետության» (փաստացի ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով թողնելու) առաջարկությունը, իսկ Ադրբեջանը՝ հենց շեմքից մերժել, ապացուցում է, որ 1998թ․ իշխանափոխությունը սպասարկել է Բաքվի շահերը։

Կարեւոր չէ՝  կազմակերպիչները գիտակցաբա՞ր են գնացել դրան, թե՝ քաղաքական անձեռնհասության պատճառո՞վ։ Դրանից իրականության պատկերը չի փոխվում։

Վահրամ Աթանեսյան