Վահրամ Աթանեսյան. Հայ ժողովրդի առաջին թշնամին սեմինարիստ-տիրացուական մտավորականությունն է
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած քսան տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է հինգ, Ադրբեջանինը՝ տասնհինգ անգամ, նույն համամասնությամբ էլ աճել են ռազմական ծախսերը։ (Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Ռուսաստանից մեկ միլիարդ դոլարի անհատույց սպառազինություն եւ ռազմամթերք ստանալու թեման թողնենք մի կողմ)։ Թվերն, ինչպես ասում են, համառ են։ Բայց դա չի խանգարում, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից քառորդ դար հետո էլ մամուլը հիշեցնի «Սերգո ջան, վատ ես ապրելու» բացարձակ սուտը։ (Իրականում մամուլի ասուլիսին Սերգո Երիցյանը հարցրել է սոցիալ-տնտեսական զարգացման ՝ Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի կատարման մասին, նախագհն էլ անկեղծորեն խոստովանել է, որ վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ արձանագրվել է նահանջ եւ բացատրել, որ ԼՂ խնդրի չկարգավորվածության, շրջափակման պայմաններում տնտեսության թռիչքային զարգացում հնարավոր չէ։ Ինչը եւ ապացուցվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ՀՆԱ-ի մասին վերահիշյալ տվյալներով)։
Ի՞նչ եզրակացության կարելի է գալ։ Հայ ժողովրդի եւ Հայաստանի առաջին թշնամին սեմինարիստ-տիրացուական մտավորականությունն է։ Այդ մասին դեռեւս 1914թ․-ին «Հայ գրականության գալիք օրը» հրապարակային դասախոսությամբ ահազանգել է Վահան Տերյանը։ Ավելի քան մեկ դար անց ոչինչ չի փոխվել։ Սեմինարիզմը, տիրացուականությունը մոլախոտի պես խժռում է մեր երկիրը, խորտակում մեր սերունդների ապագան։ Ինչպես անցյալ դարասկզբին կործանեց Արեւմտյան Հայաստանը, Հայաստանի առաջին հանրապետությունը։
Հ․Գ․ 1998-2018 թվականներին ոչ ոք եւ ոչինչ չէր խանգարում, որպեսզի Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները Հայաստանը դարձնեին Հարավային Կովկասի Իսրայել։ Բայց քանի որ իրերի դրությամբ դա հնարավոր չէր, նրանք ընտրեցին «Սերգո»-ի կենցաղը բարելավելու տարբերակը։ Արդյունքում «Սերգո»-ն սկսեց լավ ապրել, իսկ Հայաստանի վիճակը գնալով ավելի վատթարացավ։ «Սերգո»-ն հիմա բողոքում է, թե ինչու՞ Փաշինյանը եկավ իշխանության, կտրեց իր «հացը» եւ փոխարենը «հաց տվեց» իր թիմից «Սերգո»-ին։ Այլ խնդիր չկա։