Վահրամ Աթանեսյան. Հայկական փորձագիտական դաշտը կուլ տվեց Ադրբեջանի նետած խայծը
Հայկական փորձագիտական դաշտը կուլ տվեց Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի նետած խայծը եւ մարտի 1-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ կայացած ադրբեջանա-ղարաբաղյան հանդիպման մասին խոսույթում ասում է, որ Բաքուն առաջարկում է «ռեինտեգրացիայի օրակարգ»։
Տերմինների, հասկացությունների հետ չի կարելի խաղալ։ «Ռեինտեգրացիա» ասելով՝ Ադրբեջանը հետամուտ է մի նպատակի՝ միջազգայնացնել, որ Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է դեզինտեգրացիայի, ինքը վերականգնում է նախկինում ճանաչված իրավական, տնտեսական, սոցիալ-մշակութային ստատուս-քվոն։ Այլ կերպ ասած՝ «իրեն պատկանողը վերադարձնում է իրեն»։ Կոնցեպտուալ առումով դա նշանակում է ղարաբաղյան Շարժմանը, ԼՂՀ կայացմանը վերագրել «սեպարատիզմ»։ Հաշվարկը, կարծում եմ, մեր էմոցիոնալության վրա է, ինչի դրսեւորումներ արդեն իսկ կարելի է վկայակոչել։
Գործընթացի մեջ պետք է մտնել սառնասիրտ հաշվարկով։ Այստեղ հսկայական աշխատանքի տեղ ունեն առաջին հերթին միջազգայնագետ իրավաբանները։ Խնդիրը, որքան այս պահին հասկացվում է, կայանում է հետեւյալում՝ հիմնավորել, որ Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի իրավա-քաղաքական համակարգի մաս չի կազմել, դեզինտեգրացիայի չի ենթարկվել։ Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն կայացել են զուգահեռաբար։ Վկայակոչեմ միայն մի իրողություն․ նույն օրը՝ 1991թ․ դեկտեմբերի 28-ին, երբ Ադրբեջանում անցկացվել է անկախության հանրաքվե, ԼՂՀ-ում կայացել են առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները։ Դրանց լեգիտիմությունը ճանաչվել է 1992թ․ մարտի 24-ին՝ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի որոշմամբ, երբ սահմանվել է, որ ԼՂ կարգավիճակի որոշման Մինսկի խորհրդաժողովին կհրավիրվեն նաեւ ԼՂ ընտրված ներկայացուցիչները։ Այդ որոշումն ընդունվել է Ադրբեջանի համաձայնությամբ։
Ի՞նչ «ռեինտեգրացիայի» մասին կարող է խոսք լինել։ Այսպես կարելի է բազմաթիվ իրավական ուժ ունեցող իրողություններ վկայակոչել։ Առհասարակ, ժամանակը չէ՞, որպեսզի Ստեփանակերտը բացի արխիվները եւ շրջանառության դնի առանց երրորդ կողմի մասնակցության Բաքվի հետ անցած երեսուն տարիներին ձեռք բերված համաձայնությունները վկայող փաստաթղթեր, բանակցային գործընթացի սղագրություններ։