Վարչապետ. Տնտեսության արձագանքը քաղաքական փոփոխություններին բացառիկ է
Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով մենք եկել ենք այն համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է: Այսինքն՝ պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված էր Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեով: Սա վերջին առնվազն 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, որովհետև մենք առնվազն բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները կգերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով»:
Նա հավելեց՝ շատ ավելի կարևոր է արձանագրել, թե ինչ է կառավարությունը պատրաստվում անել այդ հավելյալ եկամուտների հետ:
«Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի մեկից 10 տոկոսով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի մեկից նույն չափով բարձրացնել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Խոսքը մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է: Բացի այդ, մենք պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կիլոմետր ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար, բայց նաև մենք հույս ունենք և գիտենք, որ այս գործընթացում կլինեն խնայողություններ: Մենք հույս ունենք, որ շատ ավելի երկար ժամանակի ցուցանիշ այս տարի կհաջողվի գերազանցել: Նշեմ, որ այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը, դա բոլորովին ուրիշ պատմություն է»,- մանրամասնեց վարչապետը:
Կառավարությունը մտադիր է ևս 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:
«Սրանք այն ծրագրերն են, որոնք իրականացվում են համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: Նախորդ տարի մենք նույնպես պատրաստ էինք 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերին, սակայն տարվա արդյունքներով պարզվեց, որ համայնքները պատրաստ չեն այդքան գումար ծախսել, որովհետև չկան այդքան ծրագրեր: Սուբվենցիոն են կոչվում այն ծրագրերը, որոնց մի մասը ֆինանսավորում է կառավարությունը, մյուս մասը ֆինանսավորում են համայնքները: Չնայած նախորդ տարվա մեր պատրաստակամությանը՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը 10 միլիարդ դրամ հատկացնել, նախորդ տարի մենք այս նպատակի համար կարողացանք ծախսել ընդամենը 1.6 միլիարդ դրամ: Մենք հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի լիարժեք կերպով համայնքներում ծախսել այս 10 միլիարդ դրամը, որովհետև մենք համոզված ենք, որ այդ գումարի նպատակային ծախսման արդյունքում քաղաքացիները իրենց կյանքում կզգան շատ կոնկրետ փոփոխություններ»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանում քաղաքական խորը փոփոխությունների, քաղաքական անկայունության արդյունքում անգամ երկրում հաջողվել է պահպանել տնտեսական, մակրոտնտեսական կայունությունը: Իսկ հիմա արդեն Հայաստանը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչն արտահայտվում է տնտեսության մեջ, ասաց Նիկոլ Փաշինյանը.
«Այս ամիսներին մեր գործունեությունն ինձ հիմք է տալիս վստահորեն պնդել, որ տնտեսության մեջ մենք ունենալու ենք և արդեն իսկ ունենք լրջագույն հաջողություններ: Հունվարին Հայաստանի տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս, իսկ արդեն փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.6, և երկամսյա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս: Թվերն ինքնին դրական ենք համարում, սակայն չենք համարում, որ մենք հասել ենք մեր ցանկացած ցուցանիշին: Այստեղ կարևոր է դինամիկան»:
Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշների մասին խոսելիս Փաշինյանը խորհուրդ տվեց հիշել մի քանի տվյալ: 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել վարչապետի հինգ ընտրություն: Երեք վարչապետ է փոխվել երկրում, ընտրվել է նախագահ, կայացել են Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, ԱԺ լուծարում, ԱԺ արտահերթ ընտրություններ, և երկրում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն:
Ըստ Փաշինյանի` համաշխարհային պատմության մեջ չենք կարող գտնել որևէ երկրորդ երկիր, որտեղ տեղի են ունեցել այս ծավալի քաղաքական փոփոխություններ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական անկայունության շրջան, և դրան չի հետևել խորը տնտեսական ռեցեսիոն շրջանը.
«Եվ երբ ասում ենք, որ Հայաստանը բացառիկ է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների և դրա բովանդակությամբ, ՀՀ-ն բացառիկ է նաև այդ խորությամբ քաղաքական փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքով: Նախորդ տարին քաղաքական առումով լարված, վայրիվերումների տարի էր, և մեզ հաջողվեց պահել տնտեսական, մակրոտնտեսական կայունությունը: Բայց այս տարվա համար մեր արձանագրումը բոլորովին ուրիշ է:Հիմա Հայաստանը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը հիմա սկսել է արտահայտվել տնտեսության մեջ»:
Ամբողջական տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ