Վարդան Հարությունյան. Մեր GPS-ը չի աշխատում
«Ալիք Մեդիա». Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ «սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։
Հաղորդագրության մեղմ, զիջողական-հաշտվողական տոնը վկայում է՝ Հայաստանի իշխանությունների համար ադրբեջանցիների այս քայլը անսպասելի չի եղել։ Նշանակալի է տեղանվան ադրբեջանական ձեւակերպումը՝ Էյվազլի։ Երկրի վարչապետն օրեր առաջ իր խոսքում նույնպես այս տարածքի տեղանունների ադրբեջանական տարբերակներն օգտագործեց։
Իսկ ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ ընդհանուր գծերով հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատումն արդեն համաձայնեցված է։ Ի՞նչ տարբերակով եւ ի՞նչ հիմքով են սահմանազատել․ օգտվել են ինչ-ինչ քարտեզների՞ց, GPS-ո՞վ են առաջնորդվել, նոր քարտեզ են գծե՞լ. հայտնի չէ, բայց սահմանազատել են։
Հայաստանի համար այսօր անչափ բարդ ու վտանգավոր շրջան է։ Իրավիճակին համարժեք քայլեր չկան։ Չկա դիմադրություն։ Այս պայմաններում աշխարհի ոչ մի արխիվում, ոչ մի գրադարանում չի գտնվելու որեւէ քարտեզ, գլոբալ կողմնորոշման ոչ մի համակարգում (GPS) չի լինելու որեւէ տարբերակ, համաձայն որոնց՝ Ադրբեջանից ինչ-որ կտոր է Հայաստանին անցնելու։ Հայտնի ու անհայտ բոլոր քարտեզները, բոլոր GPS-երը փաստելու են՝ Հայաստանը պե՛տք է զիջի Ադրբեջանին։
Պատերազմը հայկական կողմին զրկել է խոսելու, ընդդիմանալու, ապացուցելու հնարավորություններից։ Բոլորովին էլ դատարկ խոսքեր չէին նախընտրական փուլում հնչած պնդումները, թե մեզ նոր բանակցող է պետք։ Նոր մարդ, որը պարտությամբ այն աստիճան կաշկանդված չլիներ, որքան կաշկանդված է ա՛յս վարչապետը։ Մեր ընտրազանգվածը, սակայն, գնաց ու ընտրեց մեզ պատերազմի ու պարտության տարած ուժին։ Նման ընտրության դեպքում այլ արդյունք լինել չէր կարող։
Պարտվածը խոսել չի կարող։ Պարտվածը չի կարող քարտեզ թափահարել։ Մատը քարտեզին դնել եւ իր տարբերակը պնդել չի կարող։ Պարտված կողմը ո՛չ քարտեզ ունի, ո՛չ էլ GPS։
Մենք չգիտենք, թե որ հատվածներում եւ որքան ենք դեռ զիջելու, բայց, ցավոք, զիջելու ենք։ Թվում էր՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեր պարտության վերջակետը պետք է դներ, բայց այն, փաստորեն, չի ավարտվում։ Ադրբեջանական զինուժը շարունակում է առաջ շարժվել, նորանոր դիրքեր ու տարածքներ գրավել։ Իսկ պարտությունից ուշքի չեկած հայկական կողմն ընդունում է ադրբեջանական թելադրանքները։ Այս իշխանությունների պարագայում այլ կերպ լինել չէր կարող։ Նրանք դրսում անուժ են եւ անկարող։
Փոխարենը դրսի իրենց թուլությունը, դրսի իրենց լռությունը, դրսի իրենց անճարակությունը եւ անկարողությունը փորձում են փոխհատուցել երկրի ներսում որդեգրած ագրեսիվ վարքով։
Ըստ էության՝ դրսում ունենք զիջող ու անկարող, իսկ ներսում անզիջում ու ագրեսիվ իշխանություն, որի համար երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ստորադասելի են իշխանություն ունենալու իրենց ցանկությանը։ Նրանք ունեն ինքնահաստատվելու խնդիր։ Բարեկեցիկ ու էլ ավելի բարեկեցիկ ապրելու խնդիր, իսկ թե, միացնելով GPS-ը կամ սեղանին փռելով իր ցանկացած քարտեզը, ինչ կպահանջի հակառակորդ երկիրը, երկրորդական է։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան