Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ երկրում այսքան լավատեսներ կան. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը հերթական «միանշանակ և աներկբա» ելույթն է ունեցել Ազգային ժողովում, ու քանի որ ընդհանուր բառակույտում (լավատեսության պաշար, բնակֆոնդ, խաղաղության օրակարգ, ցավոտ լուծումներ, «ապագա կա» և այլն) ասվածի բուն իմաստը միջին վիճակագրական «հպարտ քաղաքացու» համար հազիվ թե ընկալելի լինի՝ փորձենք կարգավորել բովանդակային շիլաշփոթը և հասկանալ, թե այնուամենայնիվ ի՞նչ էր ուզում ասել «ժողվարչապետը»։
Եվ այսպես՝ նա ասում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանում բնակարաններ են ձեռք բերում, հետևաբար՝ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին (այսինքն՝ իրեն), թեև տրամաբանորեն՝ չպիտի հավատային, որովհետև հենց ինքն է խոստովանում, որ «լրահոսը, հանրային քննարկումներն ու միջազգային իրադրությունը» նման հիմքեր չեն տալիս։ Այսինքն՝ նա հաճույքով արձանագրում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ զոմբիացված են, որովհետև միայն զոմբիները կարող են անտեսել իրողությունները և կուրորեն հավատալ իրենց կուռքի՝ ոչնչով չհիմնավորված հավաստիացումներին։ Ընդ որում՝ «կուռքն» ինքը խաղաղության օրակարգին չի հավատում և բազմիցս հայտարարել է, որ խաղաղությունը ոչ միայն մեզանից է կախված, այլև Ադրբեջանից, իսկ այդ երկրի իրական նպատակը նոր պատերազմն է և Հայաստանի ոչնչացումը։
Անցնենք առաջ։ Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսում է նաև այն մասին, որ խաղաղությունն իրատեսական է, թե ոչ (այսինքն՝ ժողովրդի լավատեսությունն արդարացված է, թե ոչ)՝ կախված է երկու հանգամանքից․ որքանո՞վ «Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված», և որքանո՞վ ՀՀ քաղաքացիները թույլ կտան կյանքի կոչել «ցավոտ լուծումները», առանց որոնց Ադրբեջանը հազիվ թե համաձայնվի խաղաղության։ Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը․ «ժողովուրդ ջան, հազար անգամ ասել եմ, չէ՞, որ խաղաղությունը մենակ իմ ուզելով չի, հետևաբար՝ եթե էդքանից հետո տուն-բան եք առնում, նշանակում է դո՛ւք եք հավատում, որ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված, էլ հետո շառը իմ վրա չգցեք»։ Ավելին՝ արձանագրում է նաև, որ փաստորեն բոլոր նրանք, ովքեր բնակարան-բան են գնում, դրանով իսկ պարտավորվում են լուռումունջ ընդունել «ցավոտ լուծումները», որովհետև տասնյակ հազարավոր բնակարաններ գնելն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե խաղաղություն է լինելու, իսկ ինքը պարզ ասում է, որ խաղաղություն կարող է լինել միայն «ցավոտ լուծումներով»։
Իսկ թե կոնկրետ ինչպիսի՝ չի ասում։ Փոխարենը ասում է «մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին»։ Այսինքն՝ «նշաձողն իջեցրել են», ՀՀ ինքնիշխան տարածքի 250 քառակուսի կիլոմետրը հանձնել են, բայց «մտքերի և գործողությունների ընթացքը» դեռ հասարակությանը հասկանալի չեն դարձրել, նո՛ր պիտի հասկանալի դարձնեն։ Այ, ասում է, հենց որ հասկանալի դարձնենք՝ կհասկանան։ Ու անմիջապես էլ հաջորդ նախադասությամբ ասում է «նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի»։ Այսինքն՝ իրենք դեռ չեն բացատրել, բայց իրենց արդեն հասկանում են։
Զավեշտն այն է, որ այդ խոսքերից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ «բացատրում է», որ խաղաղությունը հնարավոր կլինի, եթե «միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը, և մենք էլ հայտարարենք, որ որևէ երկրից տարածքային պահանջ չունենք»։ Ամոթ չլինի հարցնելը՝ իսկ Հայաստանն այդ ե՞րբ է հայտարարել, որ որևէ երկրից տարածքային պահանջ ունի։ Չի՛ եղել այդպիսի բան։ Ինչ վերաբերում է ՀՀ 29 800 քկմ տարածքին, ապա «եթե ասանկ անկեղծ խոսակցություն եղավ»՝ ասենք, որ Խորհրդային Հայաստանի տարածքը ոչ թե 29 800 քկմ էր, այլ 29 743, որն էլ Նիկոլի օրոք նվազեց 250-ով, ու տակը մնացել է մոտ 29 500 քկմ։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: