«Խոսքը իրականության մասին է, ոչ թե թղթերի» Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն արձագանքել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատասխանին։
Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է.
«Կարդացի պարոն Ծառուկյանի պատասխանը պարոն Արարատ Միրզոյանի գրությանը։ Դրա հետ կապված մի քանի անձնական, ոչ մասնագիտական դիտարկում․
1. Պարոն Ծառուկյանը իր գրության 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշում է․ «…հանդիպման ժամանակ կայացրել եմ սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշում՝ ստանձնելով հնարավոր մեծ վնասների պատասխանատվությունը…»։ Սա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է առ այն, որ նա, այնուամենայնիվ, մասնակցել է ձեռնարկության կառավարմանը։ Պարոն Ծառուկյանը նշում է, որ այդ որոշումը չի հանգեցրել իր գույքային դրության բարելավմանը։ Բայց ձեռնարկատիրական գործունեությունը միայն շահույթ ստանալու մասին չէ, այնտեղ հնարավոր են նաև վնասներ։ Վնաս կրելը չի նշանակում, որ մարդը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում։
2. Պարոն Ծառուկյանի իրավաբաններին խորհուրդ եմ տալիս ընթերցել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 6-րդ կետի դրույթներըը, որտեղ գրված է․ «Սույն օրենքի իմաստով` առևտրային կազմակերպությունում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների) պաշտոն զբաղեցնելու ներքո հասկացվում է`… 4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերից բացի, որևէ այլ ձեւով առեւտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը»:
3. Պարոն Ծառուկյանի պատասխանն այն մասին է, որ «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Նախ, մենք թղթերը չենք տեսել, որպեսզի դատողություններ անենք դրանց համապատասխանության մասին, այնինչ բարձրացված աղմուկը գոնե թափանցիկության այդպիսի մակարդակ կարող էր ենթադրել։ Սակայն նույնիսկ եթե թղթերով ամեն ինչ ճիշտ է (ինչը մենք չէինք էլ վիճարկել), ապա խոսքը իրականության մասին է, ոչ թե թղթերի։ Նախկին վարչախմբի կառավարման ժամանակ էլ ԱԺ պատգամավորների կեսը ձեռնարկատիրությամբ էր զբաղվում (ամեն մեկի բիզնեսի անունն էլ որպես մականուն էր օգտագործվում), բայց «թղթերով ամեն ինչ կարգին էր»։
4. Պարոն Ծառուկյանը անթույլատրելի է համարում սեփականատեր, պատգամավոր և քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանների նույնացնելը։ Այս դեպքում պետք է հանրային պահանջ ձևավորվի, որպեսզի պարոն Ծառուկյանը ամեն նախադասությունից առաջ նշի, թե իր հատկապես ո՛ր էության անունից է հետևյալ խոսքն ասում։ Համաձայնեք, որ հակառակ դեպքում խիստ բարդ կլինի տարբերակել այդ ինքնությունները և, մյուս կողմից, պարոն Ծառուկյանի կողմից ցանկացած խոսք միակողմանիորեն մեկնաբանելու լայն հնարավորություններ կընձեռնի։
5. Պարոն Ծառուկյանը բառ չի ասում այն մասին, որ նա խոսացել է նաեւ Արմավիրում իր կողմից բամբակի գործարանի հիմնման և Արարատում սիլիցիումի գործարան կառուցելու մասին։ Փոխարենը, թե ինչպիսի դերակատարում ունի նա այդ նախաձեռնությունների մեջ, մշտապես պատմվում է նրա սեփականության ներքո գտնվող «Կենտրոն» ՀԸ լուրերի թողարկման մեջ։ Նա հանդիպում է գյուղացիներին, պայմանավորվում, գումար խոստանում, գյուղապետարաններին գումար փոխանցում և այլն։ Հույս ունեմ, որ ՀՔԾ կուսումնասիրի այդ տեսանյութերը նույնպես (դրանք չկային իմ դիմումի մեջ)։
6. Այս և դիմումի մեջ նշված այլ հարցերի պարզաբանման համար էթիկայի հանձնաժողովի կազմումն ու դրա եզրակացության հիման վրա գործը ՍԴ ուղարկելը համարում եմ անհրաժեշտություն։ Մենք 24 տարի ապրում ենք սահամանադրորեն կարգավորված հարաբերությունների տիրույթում, սակայն ՍԴ կողմից երբևէ մեկնաբանված չի եղել այսօրվա Սահմանադրության 95-րդ հոդվածի էությունը հանդիսացող կետը։ Մենք անհրաժեշտություն ունենք այն մեկնաբանելու, որպեսզի հասկանանք՝ ինչ օրենքներ է պետք փոխել, որպեսզի բիզնեսն ու պետական կառավարման համակարգը ի վերջո տարանջատվեն։
7. Սրանք իմ անձնական դիտարկումներն են, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումը կհայտնվի ըստ անհրաժեշտության»։