Զախարովա. Բաքվում կքննարկվի նաև Ղարաբաղի հարցը (տեսանյութ)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում՝ բանակցությունների ժամանակ, քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ այսօր առկա է հայ-ադրբեջանական երկխոսություն Ղարաբաղի շուրջ։
Այսօր լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Զախարովան նկատել է, միայն, որ դա քայլերի մի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, և դրանով պետք է զբաղվեն կողմերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ։
«Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչև Ադրբեջանի գրավյալ տարածքները չազատագրվեն», - 2018 թվականին Ադրբեջանի մարզական ձեռքբերումներին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ պնդելով, որ այժմ խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
«Կարծում եմ, որ այսօր իրադրությունն առավել բարենպաստ է, կան շատ գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարությունների համար», - ասել է Ալիևն՝ առանց հավելյալ մանրամասների:
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ իրենց ժողովուրդների խաղաղությանը նախապատրաստելու համար։
Նշենք, որ Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին Հայաստանից մասնակցելու է ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: