Զուրաբյան. «Փաշինյանն անգամ իրեն նեղություն չի տվել ուսումնասիրել Լավրովի պլանի մանրամասները». Հրապարակ
Ներկայացնում ենք «Հրապարակ օրաթերթի» hարցազրույցը Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ:
- Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքներով Արցախը, ըստ էության, ճանաչվել է Ադրբեջանի մաս, սակայն այդ մասին չի ասվել ժողովրդին։ Ասաց, որ ինքը ոչինչ չի բանակցել, թեպետ ժամանակին հայտարարում էր զրոյական կետից բանակցելու մասին, եւ որ 2018-ին արդեն «խաղն ավարտված էր», եւ իր միակ սխալն այն է, որ չի հայտարարել այդ մասին, անգամ կոչ արեց՝ դատել իրեն, որ չի ասել։
- Գիտեք` Նիկոլի արածն ուղղակի ողորմելի փորձեր են՝ իր ձախողումները եւ դրանց աղետալի հետեւանքներն արդարացնելու համար։ Ուրիշ բան չկա։ Ինքը գիտի՝ ինչ է արել, գիտի՝ ուր է տանում երկիրը, եւ փորձում է մեղմել հնարավոր հանրային ընդդիմախոսությունը, եթե ոչ՝ ապստամբությունը։ Սրա համար նա մտածում է, որ պետք է վարկաբեկել նախկինում վարած քաղաքականությունը, բանակցային նախագծերը, որ այդ ֆոնին իր աղետալի ձախողումներն ավելի ընկալելի լինեն մարդկանց համար։ Պետք է ասեմ, որ դա անհաջող փորձ է, բացատրեմ, թե ինչու։ Երբ դիտարկում ենք բոլոր նախագծերը, գուցե մեկն ավելի լավն է, մեկը՝ ավելի վատը։ Բոլորի մասին ես հոդվածներ եմ գրել, վերլուծել առավելություններն ու թերությունները, կարող եմ խոսել Մադրիդյան սկզբունքների առավելությունների եւ թերությունների մասին, բայց Մինսկի խմբի համանախագահությամբ մշակված բոլոր փաստաթղթերը եթե իրար կողք դնենք, մենք կարող ենք ասել՝ ցանկացած մեկն իրագործվեր, հարյուր անգամ ավելի լավ կլիներ, քան այն, ինչ արեց Նիկոլը։
- Ինքն ասում է՝ ոչինչ չի հասցրել անել, նախկինից ժառանգություն է ստացել, երբ «խաղն արդեն ավարտված» էր։
- Ինքը խոստովանեց, որ բանակցություններ չի վարել, եւ դա միակ բանն է, որի համար կարելի է դատել։ Չգիտեմ՝ միակն է, թե չէ, բայց ես համաձայն եմ իր հետ, դրա համար կարելի է իրեն դատել։ Իր գլխավոր հանցագործությունը հենց դրանում է։ Մենք կարող ենք քննադատել Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, որ իրենք լավ տարբերակները վիժեցնելով, գնացին սխալ ուղղություններով եւ ոչ մի լուծում չբերեցին։ Ի վերջո, Մինսկի խմբի համանախագահությամբ պլան բերելը գործի կեսն է, պետք էր Ադրբեջանի համաձայնությունը ստանալ։ Եվ իրենք էլ են պատասխանատվություն կրում կատարվածի համար, բայց մարդիկ գոնե բանակցում էին, իսկ դա շատ կարեւոր է, պատերազմից խուսափելու գլխավոր գործիքը բանակցություններն են։ Ի՞նչ է նշանակում՝ խաղն ավարտված էր։ 2019-ին Մինսկի խմբի համանախագահության կողմից իր սեղանին դրվել է հոյակապ փաստաթուղթ, որով Հայաստանը պետք է վերադարձներ ընդամենը 5 շրջան` Լեռնային Ղարաբաղից դուրս, մինչդեռ ԼՂ ինքնավար մարզը, ամբողջ Լաչինի շրջանը, Քելբաջարի շրջանը պետք է մնային մեր վերահսկողության տակ, իսկ Քելբաջարը եւ Լաչինի ոչմիջանցքային մասը պիտի վերադարձվեին միայն այն ժամանակ, երբ կճշտվեր ԼՂ վերջնական ստատուսը։ Սրանից հոյակապ, փայլուն լուծո՞ւմ։ Էլի կարող ենք քննադատել այդ լուծումը, որովհետեւ 1997թ․ փուլայինի առավելությունն այն էր, որ ընդունվում էր ԼՂ միջազգային իրավասուբյեկտայնությունը, այսինքն՝ դա քայլ էր առաջ, դեպի Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը, որը չկար 2019-ի փաստաթղթում, բայց, այդուհանդերձ, դա հոյակապ լուծում էր: Մենք կարող էինք հարյուր տարի այդ տարածքներում վայելել խաղաղություն, մեր վերահսկողության տակ գտնվեին այդ տարածքները, իսկ եթե Ադրբեջանն ուզում էր Լաչինի եւ Քելբաջարի ոչմիջանցքային մասը հետ ստանալ, ապա պետք է գնար զիջումների Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում։ Սա մեզ համար հաղթական խաղ էր լինելու։ Սա է եղել իր սեղանին, ինքը ոչ միայն չի բանակցել, այլ, կարելի է ասել, չի էլ հասկացել։ Ես տեղեկություն ունեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կուսակցությունների հետ երկրորդ հանդիպման ժամանակ հարց են տվել, թե այդ ինչ պլանի մասին է խոսքը` Լավրովի պլան են ասում, խոսքը 2019-ի փաթեթի մասին է, իրեն ասել են. ասեք` իմանանք, գուցե արժե՞ ընդունել, խնդրել են մանրամասներ ներկայացնել, ինքն ասել է, որ ես մանրամասներ չգիտեմ էլ, որովհետեւ այնտեղ բացակայում է Ղարաբաղի անկախության ճանաչումը, ինձ մնացածը չի հետաքրքրում։ Այսինքն՝ այս մարդը, լինելով ՀՀ ղեկավար, ժողովրդին տանելով պատերազմի, անգամ իրեն նեղություն չի տվել ուսումնասիրել ներկայացված պլանի մանրամասները՝ ինչ է որ այնտեղ չկա անկախությունը։
Բայց պարզ է, չէ՞, որ այնտեղ կային շատ բաներ, որ եթե իրագործվեին, մենք երանի կտայինք։ Նա չի բանակցել, հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», գնացել է եւ Շուշիում պարել է, Ալիեւին ինչ ասես ասել է, Սեւրի պայմանագիր է հիշատակել, միացել եվրոպական երկրների հակաթուրքական նախագծերին, այսինքն՝ ինքն ամեն հնարավոր բան արել է՝ Ադրբեջանին եւ Թուրքիային գրգռելու համար։ Անգամ Քոչարյանն էր հասկանում, որ պետք է բանակցել։ Ճիշտ է՝ չէր գնում խաղաղության, բայց գոնե բանակցում էր, փորձում էր միջազգային հանրությանը եւ Ադրբեջանին ներշնչել, որ բանակցություններով կարող ենք ինչ-որ բանի հասնել։
Այո, Նիկոլի գլխավոր հանցագործությունը նրա մեջ է, որ առանց հասկանալու, առանց իրեն հաշիվ տալու՝ մերժել է միջազգային քաղաքականության մեջ ընդունված բոլոր կանոնները, բանակցությունները, իր մարտնչող տգիտության, բթամտության շնորհիվ հայ ժողովրդին տարել է դեպի աղետ։ Սա է իր գլխավոր հանցագործությունը, իհարկե, ինքը պետք է սրա համար պատասխան տա, ինքն է գլխավոր մեղավորն ու պատասխանատուն արդեն կատարված եւ դեռ կատարվելիք աղետի։
- Ասում է՝ դատեք ինձ, դա ինչպե՞ս եք պատկերացնում, եթե կարծում եք, որ չի հասկացել, բթամիտ է։
- Ես չգիտեմ՝ տգիտության, բթամտության համար դատում են, թե ոչ, եթե պարզվի, որ այդ ամենն արվել է չարամտությամբ, դա արդեն ուրիշ հարց է, դրա համար պետք են ապացույցներ։ Գնում է Մյունխեն, Ալիեւի հետ չի էլ վիճում, չի հակադրվում Ալիեւի խոսքերին, որ հայերն օկուպանտ են, որ մենք ենք ագրեսորը: Ընդունում է դա։ Ավելին, Ալիեւին ասում է՝ դուք, ի՜նչ է, վրեժի քաղաքականությո՞ւն եք տանում, կարծես ենթատեքստում ընդունում է, որ վատ բաներ ենք արել, բայց դրա համար պետք չէ մեզ պատասխան տալ։ Այս մարդը լրիվ տեղավորվել է ադրբեջանական պրոպագանդայի մեջ` կրկնում է Ալիեւի ասածները, նույնն անում է իր կինը՝ 11 հազար դասալիքների մասին, իր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է հայտարարում, որ հայերը մարդակեր ազգ են, ասում է, թե ամաչում է, որ չի կարողացել արմատախիլ անել վայրի եւ մարդակեր ցեղերի դրսեւորումներն իմ ազգի միջից։ Իշխող կուսակցությունը եթե չի դատապարտում այս հայտարարությունը, կնշանակի՝ կիսում է եւ հայ ժողովրդին մարդակեր է ներկայացնում ամբողջ միջազգային հանրության առաջ: Չի էլ ասում՝ այդ ո՞ր արարքով ենք մենք մարդակեր ազգ դարձել։ Ադրբեջանցիներն անգամ կամաչեին պաշտոնական պրոպագանդայում նման բան անել, ինչն անում են մեր պաշտոնական ներկայացուցիչները։ Սա դատական գործի նյութ է, զրպարտություն մեր ժողովրդի նկատմամբ։ Եվ հարց է ծագում՝ ինչո՞ւ են սա անում։ Սա պարզ ստորաքարշությո՞ւն է` Նիկոլ Փաշինյանն իր թիմով այլեւս հանձնվել է Ալիեւի թիմի առաջ։ Եթե մտայնություն ունեն, որ դրանով հանգստացնում, մեղմացնում են Ալիեւին, ապա չարաչար սխալվում են, որովհետեւ դրա արդյունքը հակառակն է լինում։
- Ալիեւը Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարություններից ժամեր հետո հայտարարեց, թե Փաշինյանն ուղիղ պետք է ասի, որ Արցախն Ադրբեջան է։
- Մենակ դա չի ասում, անընդմեջ սպառնում է, որ ամեն ինչ վերցնելու եմ ձեր ձեռքից։ Ուղիղ համընթաց Նիկոլ Փաշինյանի ստորաքարշ դիրքավորմանը եւ ադրբեջանական թեզիսների ընդունմանը, Ալիեւն ավելի է կոշտացնում իր քարոզչությունը եւ գործողությունները։ Ես զարմանում եմ՝ այսքանից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե մենք խաղաղություն ենք բերում։ Կլինի՞, որ դուք խաղաղություն չբերեք կամ` ինչո՞ւ եք այս իրավիճակի անունը դնում խաղաղություն, եթե իրականում սողացող պատերազմ է, ընդ որում՝ մե՛կ սողում է, մե՛կ էլ բռնկվում՝ դառնալով ռեալ պատերազմ։
Ամբողջական ՝ սկզբնաղբյուրում:
Շարունակությունը՝ այստեղ: