Այսօր Երևանում վայրէջք կկատարի «առևանգված» Boeing 737 օդանավը

Պաշտոնական 23.04.2021   19:07   79

«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռը, որն ավելի քան 2 ամիս առաջ հայտնվել էր Իրանում, այսօր` տեղական ժամանակով 19:15-ին, վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Ըստ հաղորդագրության` ինքնաթիռի վերադարձը հնարավոր է դարձել ՀՀ արտաքին գործերի նախարարության և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերով և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նաև հայտնում է, որ ինքնաթիռի գործի վերաբերյալ անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։

Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Fly Armenia airways» ավիաընկերության օդանավն առևանգվել է։ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբպուքիր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը նշել էր, որ օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշվել է գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման, և «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է` ինքնաթիռը Հայաստան վերադառնա մարտի 3-ին, բայց դա տեղի չէր ունեցել։

Ապրիլի 14-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ–ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել էր, որ ինքնաթիռն ունեցել է տեխնիկական խնդիրներ, որոնք վերացնելուց հետո ինքնաթիռը կվերադարձվի Հայաստան։ Պապիկյանը նաև ասել էր, որ կա հարուցված քրեական գործ, հայ իրավապահները զբաղվում են նախաքննությամբ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Fly Armenia Airways», «Boeing 737-300»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon