«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Լևոն Զարգարյան. Կազինո «Հայաստան»

Լևոն Զարգարյան. Կազինո «Հայաստան»

Կազինո «Հայաստան»

Դեռ 1940-ականներին Հունգարիայի կոմունիստ առաջնորդ Մատյաշ Ռակոշին ձևակերպել էր դասական քաղաքական տեխնիկա, որը հետագայում մտավ քաղաքագիտության դասագրքեր «սալյամիի քաղաքականություն» անվանմամբ։ Հիմնական սկզբունքը կայանում էր նրանում, որ եթե հակառակորդին հնարավոր չի հաղթել մեկ հարվածով, նրան պետք է քայլ առ քայլ կտրել բարակ շերտերի՝ մեկը մյուսի հետևից։ Յուրաքանչյուր առանձին շերտը թվում է աննշան, որպեսզի դրա համար պայքար սկսվի։ Բայց երբ ամբողջ սալյամին անհետանում է, պաշտպանելու ոչինչ չի մնում։

2025թ․ հունվարին Իլհամ Ալիևն անկեղծորեն և ուղիղ նկարագրել է այս տեխնիկան․ «4 անկլավների վերադարձը տեղի ունեցավ ոչ թե երկխոսության, այլ մենախոսության արդյունքում։ Բանակցային ձևաչափը միայն շղարշ էր»։ Այլ կերպ ասած՝ Բաքուն որևէ փոխզիջում չի ընդունում. նա առաջ է քաշում պահանջներ, իսկ Հայաստանը դրանք կատարում է։ Սակայն կատարում է աստիճանաբար՝ շերտ առ շերտ, «բանակցությունների» քողի ներքո։

«Արցախը Հայաստան է, և վերջ» թեզը ոչ թե մեկ օրում վերածվեց «Արցախը երբեք մերը չի եղել»-ի, այլ տարիների ընթացքում։ Նախ պարտություն 44-օրյա պատերազմում՝ 4000-ից ավելի զոհերով, ապա Պրահայի հռչակագիր (Ժոզեպ Բորելի խոսքերով՝ ՀՀ կողմից առաջին անգամ Արցախի՝ որպես Ադրբեջանի մաս, ճանաչում)։ Այնուհետև շրջափակում և 2023թ․ սեպտեմբերին ադրբեջանական ներխուժում Արցախ՝ 120․000 արցախցու դարձնելով փախստական։ Դրան հաջորդեց 2024թ․ մայիսին Տավուշի 4 գյուղերի փոխանցումն առանց փոխադարձության (տարածքները փոխանցվեցին իբր սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում, սակայն գործընթացը արդեն 2 տարի է որևէ հատվածում, օրինակ՝ Ջերմուկում, առաջխաղացում չի ունեցել)։ 2025թ․ օգոստոսին ստորագրվեց TRIPP-ը, որի շրջանակներում այդ հատվածի վրա ՀՀ ինքնիշխանությունը խիստ կասկածելի է (եթե այդ հարցը խնդրահարույց չլիներ, փաստաթղթում 17 անգամ չէր հիշատակվի «ինքնիշխանություն» տերմինը)։ Իսկ 2026թ․ հունիսի ընտրություններից հետո Փաշինյանն անոնսել է Ադրբեջանին Տիգրանաշենի «վերադարձի», ինչպես նաև Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկը։

Յուրաքանչյուր շերտը՝ առանձին վերցված, չէր ընկալվում որպես գոյաբանական սպառնալիք։ Սակայն ամբողջության մեջ՝ 8 տարվա կտրվածքով, տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխանության համակարգային ոչնչացում։ Իսկ Ալիևի սալյամին դեռ չի ավարտվել։ Առջևում «Զանգեզուրի միջանցքի» ամբողջական բացումն է, սահմանադրական փոփոխությունները, փախստականների «վերադարձը»։ Թուրքիան ևս ստացել է իր բաժինը՝ Ցեղասպանության հարցի՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից հանելու և Արարատի սիմվոլիկայի «վերանայման» տեսքով։

Իսկ ինչո՞ւ հակառակորդի կողմից այդքան ակնհայտ, բացահայտ ձևակերպված ռազմավարության պարագայում հայկական քաղաքական դաշտը էֆեկտիվ պատասխան չի տալիս։

Պատճառը՝ Հայաստանը վերածվել է «կազինոյի», որտեղ յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը և շահագրգռված է հաստատության շարունակական աշխատանքով։

Կազինոյի սեփականատերն Ալիևն է։ Նա է այն ստեղծել՝ օգտագործելով սալյամիի քաղաքականությունը որպես տեխնոլոգիա։ Նա սահմանում է խաղի կանոնները՝ ինչ խաղադրույքներ են ընդունվում, ինչ պահանջներ առաջ քաշվում, ինչ ինտենսիվությամբ։ Նա ստանում է հիմնական եկամուտը՝ տարածք, ռեսուրսներ, քաղաքական կշիռ, ռազմավարական դիրք տարածաշրջանում։ Նա անձամբ չի նստում սեղանի մոտ․ սեփականատերը չի խաղում։ Նա ստանում է իր եկամուտը՝ անկախ նրանից, թե ով է շահում և ով է պարտվում սեղանի մոտ։
Կազինոյի ներդրողներն են ԱՄՆ-ը, Թուրքիան, Ռուսաստանը։ Նրանց շահերը տարբեր են, բայց արդյունքը՝ ընդհանուր. աշխատող կազինո, որտեղ Հայաստանը համակարգային կերպով պարտվում է։ Նույնիսկ եթե ներդրողներից մեկը հանվի, մյուս երկուսը կպահեն հաստատությունը։

Խաղավարը (կրուպյե/դիլեր) Փաշինյանն է։ Նա աշխատում է սեփականատիրոջ համար, բաժանում խաղաթղթերը, վարում սեղանը, հայտարարում ցուցանիշները։ Նրա վարձատրությունը ոչ թե ֆիքսված աշխատավարձ է, այլ շրջանառությունից գոյացող տոկոս՝ իշխանության ժամկետի երկարացում։ Փաշինյանի յուրաքանչյուր զիջում Բաքվին պարտություն չէ, այլ շահույթ՝ արտահայտված օրերով, ամիսներով և տարիներով։ Յուրաքանչյուր տարածքի հանձնում ուղեկցվում է խաղաղության պայմանագրի խոստումով, որը հորիզոնի նման միշտ մոտ է, բայց միշտ անհասանելի։ Խաղավարը շահում է ոչ թե խաղից, այլ դրա շարունակականությունից։ Եվ քանի դեռ կազինոն աշխատում է, խաղավարն ստանում է իր տոկոսը։

Խաղամոլներն ընդդիմությունն է։ 8 տարի շարունակ նրանք գործում են նույն կրկնվող սցենարով։ Յուրաքանչյուր ընտրական ցիկլից առաջ. «Այս անգամ ընտրողը կհասկանա», «Այս անգամ Մոսկվան կմիջամտի», «Այս անգամ հասարակությունը կհոգնի ռեպրեսիաներից և զիջումներից»։ Յուրաքանչյուր ցիկլից հետո նույն բացատրությունը. «Ընդդիմությունը միասնական չէր», «Եղան ընտրախախտումներ», «Ձայները փոշիացան»։ 44-օրյա պատերազմից հետո պարտություններ 2 համապետական և բազմաթիվ ՏԻՄ ընտրություններում։ Շատ հազվադեպ հաղթանակներ ՏԻՄ-երում՝ խաղամոլի մոտ հույս արթնացնելու և սեղանի շուրջ պահելու համար։ Սա դասական վարքագիծ է. պարտությունների և հազվադեպ հաղթանակների շարքը չի ստիպում վեր կենալ սեղանից, այլ ստիպում է խնդրել ևս մեկ խաղաշրջան, քանի որ «այս անգամ վերջապես կստացվի»։ Իսկ Ալիևի սալյամին այդ ընթացքում շարունակում է անհետանալ։

Կազինոյի հաճախորդները հայ հասարակությունն է։ Մարդիկ, ովքեր լցնում են դահլիճը, հիանում գեղեցկությամբ և լուսային էֆֆեկտներով, շոու-ծրագրերով, չեն հետաքրքրվում «կազինոյի օրենքներով» և «չեն զբաղվում խաղադրույքներով»։ Սակայն հենց նրանք են ֆինանսավորում հաստատության գոյությունն իրենց ներկայությամբ, վճարած հարկերով, ընտրություններին մասնակցությամբ, լեգիտիմացիայով։ Հաճախորդները չեն նստում գլխավոր սեղանի մոտ, բայց առանց նրանց կազինոն կփակվեր։ Ընդ որում, կա հաճախորդների 3 ենթախումբ, և յուրաքանչյուրը ներկա է իր պատճառներով։

1․ Իշխանամետ դիրքորոշում ունեցողները սպասում են, թե երբ Փաշինյանը կվերցնի հարստությունը «նախկիններից» և «կվերադարձնի ժողովրդին», երբ ԵՄ-ն կազատականացնի վիզային ռեժիմը, երբ կկառուցվի «իրական Հայաստանը» և վերջապես խաղաղություն կհաստատվի։ Այս սպասումների դիմաց նրանք աչք են փակում Արցախի կորստի, Եկեղեցու վրա հարձակման, Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքական օրակարգից հանելու և այլ խնդրահարույց հարցերի վրա։

2․ Ընդդիմադիր ընտրազանգվածն սպասում է «փրկչի» հայտնվելուն՝ կատարյալ «մաքուր» անցյալով քաղաքական գործչի, ով իդեալական հարաբերությունների մեջ է գտնվում աշխարհաքաղաքական բոլոր գերտերությունների հետ և կախված չէ նրանցից ոչ մեկից, ունի տասնամյակների կառավարման և քաղաքական փորձ, ինչպես նաև հանճարեղ պրոֆեսիոնալների թիմ։ Յուրաքանչյուր գոյություն ունեցող ընդդիմադիր առաջնորդ գնահատվում է ուռճացված չափանիշներով և չի համապատասխանում նրանց։ Այս պահանջարկը բավարարելու համար էլ նախընտրական շրջանում ստեղծվում են բազմաթիվ «այլընտրանքային» ուժեր, ովքեր փաստացի (կամա, թե ակամա) զբաղվում են ձայների փոշիացմամբ։

3․ «Քաղաքականությամբ չզբաղվողները» (կամ «ապաքաղաքականները»), ովքեր չեն մասնակցում ընտրություններին, սպասում են, թե երբ մյուս 2 խմբերը կպարզեն ամեն ինչ, երբ «ինչ-որ մեկը» կլուծի իրավիճակը (Պիեր Բուրդյոյի դասական դիտարկումն այս խմբի մասին՝ քաղաքական չմասնակցությունը որպես դասային մարկեր, քննարկվել է նախկինում)։

Երեք ենթախմբերն ունեն տարբեր սպասման օբյեկտներ, սակայն ընդհանուր կառուցվածք՝ պասիվություն սեփական քաղաքական ազդեցության հանդեպ։ Կազինոյի ամբողջ դահլիճը լցված է հաճախորդներով, ովքեր որևէ ակտիվ քայլ չեն անում, միայն սպասում են, թե երբ սեղանի մոտ ինչ-որ բան կփոխվի իրենց օգտին։ Իսկ «խաղի» իրական շահառուները չեն ցանկանում խաղը դադարեցնել, քանի որ այն շահավետ է բացառապես իրենց համար։

Երեք միլիոն հայ սպասում է, ինչպես Ս.Բեքեթի հերոսներն էին սպասում Գոդոյին, ով երբեք չի գալիս (ինչպես երեկ շատերս սպասում էինք, որ Մեսսին հրաշք կգործի անհամեմատ ուժեղ մրցակցի դեմ)։

P.S. Կազինոն փակելու միակ եղանակը ոչ թե խաղավարին փոխելն է կամ մի քանի խաղաշրջան հաղթելը, այլ դադարել անտարբեր հաճախորդ լինելը, քանի որ «House always wins»։

Լևոն Զարգարյան