Կարեվոր
Լևոն Տեր-Պետրոսյան. Ասույթներ, թևավոր խոսքեր և կանխատեսումներ (Մաս 2)
Լևոն Տեր-Պետրոսյան. ասույթներ, թևավոր խոսքեր և կանխատեսումներ
- Քրեական տարրերի, հանցագործների դեմ պետք է պայքարի ոչ թե քաղաքացին, այլ՝ պետությունը։ Պետությունը եւ օրենքը։ Հակառակ դեպքում դա արդեն քաղաքացիական պատերազմ է (9.10.1990. Ընտրանի 133)։
- Ցանկացած ազգի համար ամենամեծ դժբախտությունը ոչ թե դրսի ագրեսիան է, այլ քաղաքացիական պատերազմը (9.10.1990. Ընտրանի 134)։
- Պետության ապահովության երաշխիքներից մեկը, գուցեեւ ամենամեծ երաշխիքը, նրա հարաբերություններն են իր անմիջական հարեւանների հետ (9.10.1990. Ընտրանի 136)։
- Առճակատման փուլին, երբ կողմերը տեսնում են, որ այն հանգեցնում է ճգնաժամի, բոլոր նմանատիպ հակամարտությունների դեպքում, հետեւում է մի նոր ռազմավարություն՝ համաձայնության եզրերի որոնում։ Դա միանգամայն բնական է քաղաքականության մեջ (9.10.1990. Ընտրանի 137)։
- Ես պաշտոնապես հրաժարվել եմ ՀՀՇ-ի վարչության նախագահի պաշտոնից՝ դա համարելով քաղաքական տեսակետից անհամատեղելի պետական կառուցվածքում իմ գրաված պաշտոնի հետ, եւ հրաժարվել եմ ՀՀՇ-ի վարչության անդամությունից, բայց ինձ համարում եմ ՀՀՇ-ի գաղափարակիրն ու նրա շարքային անդամը (9.10.1990. Ընտրանի 139)։
- Համերաշխությունը, ներդաշնակությունը չեն ստեղծվում որեւէ կուսակցության, որեւէ իշխանության թելադրանքով կամ բարոյական ու դասակարգային հորդորներով։ Համերաշխություն ու ներդաշնակություն հնարավոր է միայն գաղափարի շուրջ։ Այսօր այդպիսի ՄԵԿ գաղափար կա։ Դա Հայոց պետականության գաղափարն է։ … Հայոց պետականության գաղափարը, ոչ միայն Հայաստանում բնակվող հայության, այլեւ Սփյուռքը միավորող գաղափար պետք է դառնա (9.10.1990. Ընտրանի 140–141)։
- Ժամանակն է վերջապես լուրջ դասեր քաղել մեր պատմական դառը փորձառությունից եւ հախուռն, ռոմանտիկ ազգից վերածվել սառնասիրտ, իրապաշտ, պրագմատիկ ազգի, որի յուրաքանչյուր քայլը պետք է լինի կշռադատված, հիմնված կոնկրետ ու անվրեպ հաշվարկի վրա (22.10.1990. Ընտրանի 150)։
- Քաղաքականությունը համակարգ է, ոչ թե պատահական գործողությունների պարզ գումար, ուստի ինքնուրույն քաղաքականություն վարող ոչ մի ընտրյալ իշխանություն իրավունք չունի տուրք տալ կողմնակի ճնշումներին եւ շեղվել իր որդեգրած հիմնական դիրքորոշումից։ Քաղաքականության որեւէ համակարգի կարելի է հակադրել միայն մի այլ համակարգ եւ ոչ թե նրա ոգուն հակասող առանձին գործողությունների պահանջներ։ Դա չի նշանակում, անշուշտ, որ քաղաքական համակարգը դոգմա է եւ ենթակա չէ սրբագրումների՝ պահի հրամայականին համապատասխան։ (22.10.1990 թ., Ընտրանի 150)։
- Երբեք չի կարելի ազգայինը հակադրել դեմոկրատականին` վերջինիս տակ հասկանալով կոսմոպոլիտիզմ։ Ամենեւին ո՛չ։ Դրանք լրացնում են մեկը մյուսին։ … Նույնիսկ աշխարհի ամենազարգացած, քաղաքակիրթ երկրներում դեմոկրատիան, մարդկային ազատությունները ստեղծվում, ձեւավորվում են նախ եւ առաջ, եթե ոչ միայն ու միայն սեփական ժողովրդի բարօրության համար։ Սրանից ավելի ազգային նպատակ, ինձ թվում է, դժվար է պատկերացնել (24.11.1990. Ընտրանի 158–159)։
- Բանավեճի առանձնահատկությունը, դժբախտաբար, այն է, որ դրանով երբեք հնարավոր չէ ազդել ընդդիմախոսի վրա։ Բանավեճը նրա համար է, որ համոզես ժողովրդին, երրորդ կողմին (24.11.1990. Ընտրանի 161)։
Շարունակելի


