ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի հայտարարությունը

Պաշտոնական 04.12.2020   19:03   130

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը: Այս մասին ասված է ամբիոնի տարածած հայտարարությունում:

«ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը: Բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որևէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում: Մինչդեռ տակավին գործող ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հան­րա­պետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

Կորոնավիրուսի համավարակի և բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, և հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարևորա­գույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների:

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռևս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է և պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին:

Առարկայի հանդեպ այս վերապահ վերաբերմունքը մենք դիտարկում ենք որպես  տրամաբանական շարունակություն Կառավարության ձախավեր նախագծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։

Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ:

Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ և մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաև մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է և կա որպես հայերե­նագի­տության զարգացման  անխարխար կենտրոն ու կայուն երաշխավոր»,- նշված է ամբիոնի տարածած տեքստում:    

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵՊՀ, հայտարարություն, հայոց լեզվի ամբիոն, քննություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon