Ֆրանսիայի դեսպանը՝ Ադրբեջանում պահվող գերիների և ՄԽ համանախագահների այցի մասին (տեսանյութ)

Պաշտոնական 17.03.2021   13:00   133

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է  և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու առումով:

«Երբ խոսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակցություններ ապահովող կառույցի հետ, որը պատրաստ է միջնորդել և օգնել երկու կողմին էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջնորդության միակ մարմին լինելու մասին նշեց նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարարը (որպես ԵԱՀԿ գործող նախագահ-հեղ.)՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում: Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասաց Ժոնաթան Լաքոտը:

Մինչև այսօր Հայաստան է վերադարձվել 69 գերի: Մարտի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հայտնել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերու վերաբերյալ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, Ժոնաթան Լաքոտ, Հայաստան-Ֆրանսիա, գերիներ.ռազմագերիներ, ԵԱՀԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon