Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել (տեսանյութ)
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ:
Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։
ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ.
«Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը»,- Facebook-ի իր էջում գրել է նա:
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում հայտնում է, որ Ադրբեջանական հարձակման հետևանքով կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում:
Արցախի պաշտպանության նախարարությունը պարբեևաբար կտեղեկացնի Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:
Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խսնակ Շուշան Ստեփանյանը:
«Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»:
Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը
Читать на русском