«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հակասություններ ղարաբաղյան խնդրի մասին Փաշինյանի հայտարարություններում. «Ազատություն»

Հակասություններ ղարաբաղյան խնդրի մասին Փաշինյանի հայտարարություններում. «Ազատություն»

Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկի՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վարչապետի վերջին հայտարարություններն ըստ էության հակասում են Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ հնչեցրած պնդումներին։

«Ազատություն». Ավելի քան երեքուկես տարվա իշխանավարումից հետո, նախորդ ուրբաթ Փաշինյանը առցանց ասուլիսին հայտարարեց, թե խնդրի կարգավորման ուղղությամբ 2016-ին ներկայացված առաջարկությունների երեք փաթեթներում էլ բացակայել է նախադասություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ՝ առաջին անգամ 2011 թվականից՝ կազանյան բանակցություններից ի վեր. - «2016 թվականին ներկայացվել ա առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011 թվականից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ»։

Մինչդեռ, 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ՝ 2020 թվականի հունվարի 25-ին, Կապանում ասուլիսի ժամանակ կառավարության ղեկավարը, խոսելով ղարաբաղյան բանակցություներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին, հայտարարել էր, թե մինչ հակամարտության վերջանական կարգավորումը Լեռնային Ղարաբաղը օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով։

Ըստ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի թողած ղարաբաղյան ժառանգությունը բաղկացած էր երեք պարբերություններից, որոնց համաձայն յոթ շրջանները վերադարձվելու էին Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվելու էր Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք, կողմերի միջև համաձայնեցված ժամկետեներում և ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է անցկացվեր Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտություն հանդիսացող համընդհանուր քվեարկություն, որն էլ կորոշեր Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը. - «Պարբերություն երեք. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործուներության կազմակերպումը»։

Սերժ Սարգսյանից իշխանությունն անցել է Նիկոլ Փաշինյանին 2018 թվականի մայիսին։ Անհասկանալի է, թե ինչպես կարող էր դեռ 2016 թվականին միջնորդների ներկայացրած առաջարկություններում բացակայել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին որևէ նշում, եթե նույն վարչապետ Փաշինյանի խոսքով, Սերժ Սարգսյանի թողած ղարաբաղյան բանակցությունների փաթեթում առկա է եղել Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մասին դրույթը։

Հստակություն մտցնելու առաջարկով «Ազատւթյունը» հարցում է ուղարկել կառավարություն։ Գործադիրից դեռ չեն արձագանքել։
Փաշինյանի պնդմամբ՝ 2016-ը աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում
Ուրբաթօրյա ասուլիսում վարչապետը նաև «աղետ» որակեց այն, որ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր, միջանկյալ կարգավիճակը ճշգրտելու հարցը 2016-ի բանակցային բովանդակության համաձայն՝ պետք է տեղափոխվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. - «Երբ որ սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ա, սա դառնում ա շատ կանխատեսելի մի լուծում։ Ինչո՞ւ։ Որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել ա բանաձև, հենց էդ նույն մարմինը, որը, ինչպես գիտենք, միջազգային իրավակարգի բարձրագույն մարմինն է, ընդունել ա բանաձև, որտեղ ասվում ա... 93 թվականին, ուշադրություն դարձրեք, երբ որ Ադրբեջանի, Հայաստանի անկախությունը ճանաչել ա ամբողջ միջազգային հանրությունը, և Ադրբեջանը և Հայաստանը ՄԱԿ-ի անդամ են։ Ընդունել ա բանաձև, որտեղ ասել ա հետևյալը՝ ա) Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Ասել ա հետևյալը՝ որ ճանաչում ա Ադբրեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Այս աղետն ա տեղի ունեցել 2016 թվականին բանակցային գործընթացում»։

Դեռևս առաջին ղարաբաղյան պատերազմի օրերին՝ 1993 թվականին, երբ հայկական զինված ուժերի վերահսկղության ներքո էին անցնում ԼՂԻՄ-ին հարակից Ադրբեջանի շրջանները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև էր ընդունել՝ վերջին երեքում ուղղակիորեն ամրագրելով «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջան» ձևակերպումը։ Անվտանգության խորհուրդը նաև հայտարարում էր, թե վերահաստատում է Ադրբեջանի Հանրապետության և տարածաշրջանի այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Այդքանով հանդերձ, երբ 2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության դրվեց բանաձև, որտեղ խոսվում էր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, Անվտանգության խորհրդի հինգ անդամներից երեքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, դեմ քվեարկեցին՝ հանդես գալով ԵԱՀԿ Միսկի խմբի անունից։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հայտարարել էր՝ փաստաթուղթը, անընդունելի է, քանի որ «ընտրողաբար է ներկայացնում միջնորդների առաջ քաշած սկզբունքները՝ առանց հաշվի առնելու համանախագահների առաջարկն իր հավասարակշռված ամբողջության մեջ»։

Առցանց ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը նաև մի քանի գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում՝ պնդելով, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեին պետք է մասնակցեին նաև Ղարաբաղում բնակված ադրբեջանցիները։

«Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձևավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում», - գրել է նա։

Բանակցային գործընացից մինչ օրս գաղտնազերծված փաստաթղթերի՝ մադրիդյան ու կազանյան առաջարկներում, սակայն, հստակ նշվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում են 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

Ավելին՝ սկզբնաղբյուրի տեսանյութում