Կարպիս Փաշոյան. Մարդկանց նախապատրաստում են նորանոր զիջումների՝ բթացնելով նրանց բանականությունը
Պատմական և իրական Հայաստանների մասին Նիկոլ Փաշինյանի ցնդաբանություններին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սպառիչ անդրադարձել է։
Իմ կողմից կարող եմ միայն ավելացնել, որ անկախանալուց ի վեր Հայաստանի և ոչ մի ղեկավար երբևէ կասկածի տակ չի դրել Կարսի 1921 թ․-ի պայմանագիրն ու դրա սահմանած status quo-ն։ Երբևէ պաշտոնական մակարդակում որևէ մեկը տարածքային հավակնություններ չի ներկայացրել հարևան երկրներին։
Ղարաբաղյան հարամարտության վերաբերյալ հայտարարությունները մշտապես եղել են ծայրահեղ զգուշավոր։ Պաշտոնական հռետորաբանության մեջ բացառվել են պատմական արդարություն, պատմական հայրենիք և նմանատիպ եզրույթները։
Չափազանց պրագմատիկ ու սոցիալական խնդիրների մեջ թաղված հայ ժողովուրդն էլ երբևէ լրջորեն չի մտահոգվել կորսված մեր հայրենիքի ճակատագրով։ Այն, ինչ որ եղել է, դժվար կլինի քաղաքականություն անվանել, ապաքաղաքական կենացներն ու զգացմունքային մտորումները չի կարելի որպես գործողություն դիտարկել։ Մեծ հաշվով այս երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը Ցեղասպանության զոհերի շառավիղներն են, դա էլ չհիշե՞ն, մոռանա՞ն իրենց պապերին ու տատերին։ Ինքնությունն ու հիշողությունը չի կարելի շփոթել քաղաքական կուրսի հետ։
Ինչպես Լևոն Զուրաբյանն է նկատում, հենց Փաշինյանն է առաջին անգամ վարչապետի կարգավիճակով նույնացրել Հայաստանն ու Արցախը, նա է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին խոսել Սևրի պայմանագրի արդիականության մասին։ Ալեն Սիմոնյանն ու Սուրեն Պապիկյանն են Աղդամն իրենց հայրենիքը համարել՝ թեթևամտորեն փորձելով հեգնել Սերժ Սարգսյանին, որը դեռևս տարիներ առաջ հայտարարել էր հակառակի մասին։
Հիմա այս անլուրջ և անպատասխանատու մարդիկ ումից ի՞նչ են պահանջում։ Ընդամենը մարդկանց նախապատրաստում են նորանոր զիջումների՝ բթացնելով նրանց բանականությունը։ Նախագահ Տեր-Պետրոսյանի մտքերը ձևախեղելուց հետո, հիմա էլ Վանոյի գրվածքներից են կառչել, որպեսզի լեգիտիմացնեն իրենց հանցագործ և կոլաբորացիոնիստական քաղաքականությունը։