Լևոն Տեր-Պետրոսյան. Իշխանությունը պահելու մարմաջի մասին
«...Իշխանությունը պահելու մարմաջի մասին.
ի՞նչը պիտի ինձ ստիպեր ամեն գնով պահպանել իշխանությունը. բարի՞քը, փա՞ռքը, թե հերոսականացումը։
Նախագահության օրոք ոչ մի բարիք կամ սեփականություն չեմ ստացել (կարող եք ստուգել) եւ չեմ էլ ուզում ստանալ։
Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած Նախագահ, անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը։ Ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը։ Միեւնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի, այլեւ ընդհակառակը, թերեւս ավելի շահեր։ Կրկնում եմ, անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը թերեւս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն, որին, դժբախտաբար թե բարեբախտաբար, սովոր չեմ։ Ես վերընտրվել եմ իմ առջեւ կանգնած դժվարությունների եւ դրանց հաղթահարման գործում կրելիք պատասխանատվության սառը գիտակցությամբ, որի համար ամենեւին չեմ զղջում։
Մի՞թե ես չգիտեմ հերոս ձեւանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները <<...>>։
Այդ բոլոր հնարքները ես վարպետորեն կարող էի օգտագործել, համենայն դեպս ոչ ավելի վատ, քան Կինոյի տանը հավաքվածներից որեւէ մեկը. ինչ է, կրթությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում։ Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու Սփյուռքի միասնության խորհրդանիշը։
Ի՞նչն է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը՝ քաջության պակա՞սը, աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ) մտածողությո՞ւնը, ապազգային էությո՞ւնը, թե սխալ դաստիարակությո՞ւնը։ Խանգարում է ընդամենը պարզ քաղաքական հաշվարկը եւ մեր ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցությունը։ Այլ կերպ վարվելու դեպքում աղետներն ու արհավիրքներն անխուսափելի կլինեին, եւ այսօր ոչ միայն կորցրած կլինեինք Ղարաբաղը, այլեւ վտանգված կլիներ Հայաստանի գոյությունը։ Լուսաբանությունների համար հեռու չգնալով, հիշենք մեր հարեւանների բախտը. մեր աչքի առջեւ Գամսախուրդիան եւ Էլչիբեյը որդեգրեցին հերոսանալու քաղաքականությունը, դարձան ազգային կուռքեր, բայց անհամար աղետներ բերին իրենց ժողովուրդների գլխին...»։
01.11.1997թ


