«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Աշոտ Սարգսյան. Փաստեր եւ արձանագրումներ Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով

Աշոտ Սարգսյան. Փաստեր եւ արձանագրումներ Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով

Պատմահայր Մովսես Խորենացու քաղաքական ուղերձը

Պատմահայր Մովսես Խորենացին Հայոց պատմությունը սկսում է անկախության ձեռքբերմամբ`Հայկ նահապետով։

Այստեղից սկսած Հայոց պատմությունը, նահապետական իշխանության թե թագավորության կարգավիճակներով, ըստ էության անկախ պետականության անընդհատ պատմություն է նրա համար։ Հազարամյակների խորքից սկսելով՝ այդ պատմությունը Խորենացին հասցնում է մինչեւ Արշակունիների  թագավորության անկումը կամ, որ միեւնույն է՝ անկախության կորուստը (428 թ.)։

Անկախության այս կորստից հետո Պատմահայրն ապրել է ավելի քան կես դար եւ կարող էր  շարունակել իր գործը մինչեւ մոտ 490 թվականը։ Տասնյակ աղբյուրներ պրպտելու տքնաջան աշխատանքով ազգի ամբողջական ու հավաստի պատմությունը վերհանելուն հետամուտ, այդ պատմության հերոսական դրվագներով սքանչացող պատմիչի համար նախ՝ դյուրին, ապա նաեւ գայթակղիչ պետք է լիներ իր ժամանակի, իր տեսած դեպքերը պատմագրելը՝ Վարդան Մամիկոնյան, Ավարայր, Վահան Մամիկոնյան, հաղթանակներ…

Չի շարունակում…

Ոչ միայն չի շարունակում, այլեւ հենց այստեղ՝ թագավորության անկման փաստի առիթով մահախոսականի նման ծանրագույն  մի «Ողբ»-ով փակում է իր Հայոց Պատմությունը։

Խորենացու «Ողբը» իր ժամանակի իրողությունների մասին չէ։ Գրական կատարմամբ այն անգերազանցելի մնաց ընդմիշտ։ Բայց սա միայն գրական տեքստ չէ (ինչպես գիտության մեջ ընկալվել ու գնահատվել է մինչեւ հիմա)։ Իր ժամանակի համար այն քաղաքական տեքստ է ըստ էության՝ տագնապի ու զգաստացման քաղաքական ուղերձ՝ հետեւյալ «թարգմանությամբ».

Որտեղ ավարտվում է ազգի անկախ պետականությունը, այնտեղ ավարտվում է նրա պատմությունը։֊ Առանց անկախ պետականության ազգ-հանրությունը պատմություն չունի, ենթակա է այլասերման, արհավիրքների ու կործանման։

Ահա թե ինչու է հենց այստեղ՝ թագավորություն-պետականության վերացման փաստով նա ավարտում իր Պատմությունը։

Դաժան, խիստ ու չափազանցված է թվում։ Բայց Պատմահայրը օբյեկտիվորեն ճիշտ է ներկայացնում համամարդկային-հասարակագիտական ընդհանուր օրինաչափությունը։ Ետ նայենք մարդկության պատմությանը՝ տասնյակ ու հարյուրավոր օրինակներ կան, երբ պետականություն չունեցած կամ այն  կորցրած ու այլեւս չվերականգնած ազգեր, այդ թվում՝ երբեմնի հզոր ու աշխարհակալ ժողովուրդներ, աստիճանաբար վերացել են պատմության թատերաբեմից։ Տագնապի ու զգաստացման այս կոչնակն, ուրեմն, ոչ թե գրագետ, աստվածաբան, պատմիչ ու պատմաբան, այլ՝ քաղաքագետ Խորենացին է հնչեցնում։ Գուցե Պատմահոր զգաստացման այդ կոչն էր նաեւ, որ հետագա սերունդների մեջ ապահովեց հոգածությունը ազգային կենսունակության այն անհրաժեշտ ռեսուրսի նկատմամբ, որը ծնունդ պետք է տար Հայոց հաջորդ պետականություններին եւ ապահովեր ազգի հարատեւումը։

Արդի պատմագիտության հարթությունում

Ըստ գիտական պատմագիտության՝ իրականում անընդհատ չի եղել մեր անկախ պետականությունը։ Անգամ մի կողմ դրած Երվանդունիներին նախորդած հազարամյակները (որոնց ընթացքում գոյություն ունեցած պետական կազմավորումների ազգային բնույթի վերաբերյալ գիտության մեջ դեռեւս կան տարբեր տեսակետներ), միայն Երվանդունիների ժամանակաշրջանից սկսած, այն է՝ ավելի քան 2500 տարվա ընթացքում մենք յոթ անգամ անկախության ենք հասել.

  1. Երվանդունիների հայկական թագավորություն՝ մ.թ.ա. VI–III դարեր,
  2. Արտաշիսյան հայկական թագավորություն՝ մ.թ.ա. 189–1 թթ.,
  3. Արշակունյաց հայկական թագավորություն՝ 66–428 թթ.,
  4. Բագրատունյաց հայկական թագավորություն՝ 885–1045 թթ.,
  5. Կիլիկյան հայկական թագավորություն՝ 1198–1375 թթ.,
  6. Հայաստանի Հանրապետություն՝ 1918–1920 թթ.,
  7. Հայաստանի Հանրապետություն՝ 1990–1991 թթ.՝ անկախ պետականության վերականգնման գործընթաց, որն իր իրավական ամբողջացումն ստացավ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։

Սրանք Հայոց քաղաքական պատմության բարձրակետերն են՝ մեր ազգային գոյատեւումն ապահոված հիմքերը։

Այնպես չէ, սակայն, որ անկախությունը կորցնելուց հետո այն հերթական անգամ ձեռք բերելը կամ վերագտնելը համընդհանուր օրինաչափություն է։ Մեր տարածաշրջանում, մեր ժամանակակից բազմաթիվ ժողովուրդներ, երբեւէ չկարողանալով ստեղծել անկախ պետականություն, վաղուց չկան որպես ինքնուրույն պատմական սուբյեկտներ։ Ազգերի եւ պետականությունների ձեւավորումից մինչեւ հիմա ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր ազգեր են վերացել։ Այդ թվում նաեւ աշխարհակալ ազգեր, որպես կանոն՝ պետականության կորստից հետո այն վերականգնելու ռեսուրս չունենալու, այդ ռեսուրսը ժամանակին չստեղծելու, դրա նկատմամբ հոգածություն չունենալու բերմամբ։ Բացառություններ կարելի է նշել, բայց ոչ ավելի, քան կարող է ունենալ որեւէ կանոն կամ օրինաչափություն։ Այսօր աշխարհում, կարծեմ, 2000-ից ավելի ազգ է արձանագրված, միայն 200-ն ունեն պետականություն՝ ոչ միայն ամենամեծերը, նաեւ կենսունակ փոքրերը։ Մենք փոքրերի մեջ ենք՝ կենսունակ փոքրերի։ Շատերը՝ թվով մեզնից շատ ավելի՝ չունեն պետականություն։

Այս խորապատկերում երեւո՞ւմ է ազգային պետականության ու դրա ռեսուրսների արժեքի ահռելիությունը

Ի՞նչ է ասում Արհեստական բանականությունը

Այս ամենից հետո ինձ համար բնական հարց առաջացավ.

Հայաստանը իր պատմության վերջին 2500 տարվա ընթացքում յոթ անգամ ստեղծել կամ վերականգնել է իր անկախ պետականությունը։ Կարելի՞ է սա աշխարհի ազգերի պատմության մեջ համարել բացառիկ դեպք, յուրատեսակ ռեկորդ։

Չեմ հանդիպել նման վիճակագրություն իրականացրած գիտական աշխատանքի։ Գուցե այդպիսիք կան։ Բայց հրապարակախոսական հոդվածի շրջանակում, եթե ոչ որպես գիտական ապացույց, ապա գեթ որպես կողմնորոշիչ, հետաքրքիր է այդ հարցը ուղղել նաեւ արհեստական բանականությանը։

Հարցը տվեցի նրան։

Պատասխանը, ըստ էության, հետեւյալն էր. Հայաստանի՝ պետականության կորստից հետո այն բազմիցս վերականգնելու պատմական փորձը համաշխարհային պատմության մեջ իսկապես ուշագրավ եւ հազվադեպ երեւույթ է։ Հայկական օրինակի առանձնահատկությունը ոչ միայն պետականության վերականգնման թվի, այլեւ այդ վերականգնումների պատմական երկարատեւության եւ միմյանցից բավական հեռու ժամանակաշրջաններում կրկնվելու մեջ է։ Վերապահություն ունի միայն «ռեկորդ» բառի համար՝ ոչ թե ըստ էության, այլ համարում է, որ «պատմագիտության մեջ «ռեկորդ» հասկացությունը պայմանական է»։

Բայց ինձ համար ավելի կարեւոր է «ինչու» հարցի նրա պատասխանը.

Այն էականորեն համընկնում է մեր պատմության ներքին տրամաբանության հետ։ Ասում է՝ պետականության վերականգնման հիմնական շարժիչ ուժերից են եղել ազգային ինքնության, լեզվի, դպրության, պատմական հիշողության եւ հոգեւոր-եկեղեցական կառույցների պահպանումը։ Դրանք հնարավորություն են տվել պահպանելու ոչ միայն ազգային ինքնությունը, այլեւ ինքնակազմակերպման եւ ինքնիշխանության ձգտումը։

Այս վերջին միտքն է, որ կարեւոր է։

Եթե պետականությունը դիտենք որպես ազգի քաղաքական ինքնակազմակերպման բարձրագույն ձեւ, ապա պետականության կրկնվող վերականգնումը պետք է ունենա նաեւ նախապատրաստող ներքին հիմք, ռեսուրս։ Պետությունը կարելի է կորցնել մեկ օրում, մեկ պատերազմում, մեկ պայմանագրով։ Բայց այն կրկին ստեղծելու ընդունակությունը եւ ռեսուրսը դարերով է կուտակվում կամ պահպանվում։

Փորձենք հասկանալ, թե որն է եղել այդ՝ մեզ ուժ տվող պետականաստեղծ եւ դրանով իսկ ազգապահպան կենսական ռեսուրսը։

Ազգի գոյատեւման ռեսուրսը

Պետականաստեղծ ու դրանով նաեւ ազգապահպան այդ ռեսուրսը մեր դեպքում երեք բաղադրիչ է ունեցել եւ ունի։ Կարելի է այն պատկերացնել որպես ազգ-օրգանիզմը սնող երեք գլխավոր երակ.

  • Միասնական լեզուն, որի պահպանման ու հետագա հարատեւման բանալին դարերի համար տվել է Մեսրոպ Մաշտոցը՝ Վռամշապուհ թագավորի աջակցությամբ;
  • Միասնական կրոնը՝ քրիստոնեական եկեղեցին, որի ամուր հիմքերը 4-րդ դարի սկզբին դրել են Գրիգոր Լուսավորիչը՝ Տրդատ Գ. Արշակունու հետ միասին;
  • Ազգի պատմական հիշողությունը, որի գաղափարական մեծագույն համակարգողն ու առաջին ամբողջական պատմական շարադրանքի հեղինակը դարձավ Մովսես Խորենացին՝ Սահակ Բագրատունի իշխանի մեկենասությամբ։

Հայոց պատմությունը բարձրակետեր ունի տարբեր հարթություններում՝ մշակութային, գրական, հոգեւոր՝ ոչ միայն տեղական-ազգային, այլ նաեւ միջազգային, համաշխարհային նշանակության։ Մինչդեռ քաղաքական պատմության ետնախորքում անկախությունների ձեռքբերման վերը թվարկած բարձրակետերից կազմված «լեռնաշղթայի» վրա, որի մասին խոսեցինք, երկու գագաթ առանձնապես վեր են խոյանում։ Դրանք ոչ միայն միջազգային նշանակության են, այլեւ, որպես քաղաքական գործոն որոշակիորեն ազդել են համաշխարհային պատմության ընթացքի վրա, պայմանավորել նրա ընթացքը։ Այդպիսին է Տիգրան Մեծի աշխարհակալության շուրջ 20-ամյա շրջանը, որ գիտության մեջ ընդունված փաստ է։ Այդպիսին էր Ղարաբաղյան շարժման («Ղարաբաղ» կոմիտեի գլխավորությամբ) ու դրա ծնունդ Հայաստանի Հանրապետության (Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ) 1988-1991 թթ. քառամյա շրջանը։ Սա եւս ժամանակին արձանագրել են, իրենց գնահատականներում որպես կանոն ժլատ՝ օտար պետական ու հասարակական հայտնի գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ։

Խորենացու երազանքը, որ մեր իրականությունն էր

Առաջին հայկական թագավորության հաստատումը համարելով մեր ազգի «արիության գործերի» մեջ վեհագույնը՝ Պատմահոր ցնծությունը եւ երազանքը հասնում են մանկական անկեղծության աստիճանի. «Երանի՜ այն ժամանակ Փրկիչը եկած եւ ինձ գնած լիներ, նրանց ժամանակ ես աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ ուրախանայի…»։

Խորենացու այս երազանքը մենք ապրել ենք որպես իրականություն։

Մենք այն երջանիկ սերունդն ենք (հիմա մասամբ արդեն նաեւ այդ սերնդի ժառանգները), որ ծնվել է մեր պատմության նույնպիսի մի բարձրակետում, եւ ավելին՝ աննախադեպ համազգային համախմբմամբ ու ինքնամոռաց պայքարով ինքն է կերտել այդ բարձրակետը։ Ժամանակակիցն ենք այն ուժերի ու գործիչների, որոնք 1988-ից սկսած՝ պահպանված ազգային ռեսուրսի խելացի բազմապատկմամբ, դրա բանական ու հաշվարկված օգտագործմամբ եւ իրական անձնազոհությամբ ոչ միայն անկախություն կերտեցին, այլեւ, 2000 տարի անց, երկրորդ անգամ Հայաստանը դարձրին համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող, այդ ընթացքը ինչ-որ չափով պայմանավորող գործոն։ Ղարաբաղյան շարժումը, անկախության ձեռքբերումը եւ դրան հաջորդած հաղթանակները բազմապատկեցին մեր ազգապահպան ու պետականաշեն ազգային ռեսուրսը՝ այնպիսի չափով, որը դժվար է համեմատել մեր նորագույն պատմության որեւէ այլ շրջանի հետ։

Դա պարզապես քաղաքական փոփոխություն չէր։ Դա, իր ամենադրական եւ ամենակենսական նշանակությամբ, դարերով ձեւավորված մեր ազգային հոգեբանության ու հոգեվիճակի հեղափոխություն էր։

Իսկ այսօր…

Պարույր Սեւակի պատկերներով

Մի մեջբերում պետք է անեմ Պարույր Սեւակից.

«Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»:

Մեջբերած այս իմաստության համար նա հեղինակ չի նշում։ Եւ ճիշտ է անում. դա բնության օրենքների նման մի բան է, որ օբյեկտիվորեն գոյություն ունի եւ գործում է անկախ այն բանից՝ որեւէ մեկը դա ձեւակերպել է, թե` դեռ ոչ։

Շարունակությունը որպես մեկնաբանություն իրենը՝ Սեւակինն է. «Ազգային ինքնասպանության զանազան ձեւեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է»:

«Սնապարծությունը» սեփական ուժերի գերագնահատումն է, իրականության զգացողության կորուստը, սեփական ցանկությունները հնարավորությունների տեղ դնելը։ «Արխայինություն-դինջությունը»՝ երբ ազգը կորցնում է իր ուժերի նկատմամբ հավատը, հաշտվում է պարտության ու անզորության հետ եւ այլեւս չի զգում սեփական պատմությունը կերտելու իր իրավունքն ու կարողությունը։

Մի ժամանակ «սնապարծությունը» դարձավ մեր ազգային քաղաքական մտածողության մի ամբողջ հատվածի բնորոշ գիծ։ Այն արտահայտվեց իրականության հետ հաշվի չնստող ինքնավստահության, հնարավորությունների գերագնահատման եւ քաղաքական հաշվարկի բացակայության մեջ։ «Ոչ մի թիզ հող» մտածողությունը հանգեցրեց 2020 թվականի պատերազմի, Արցախի կորստի ինքնասպան փաստին։

Բայց եթե «սնապարծությունը» կարող է ազգին տանել դեպի կործանում, ապա պակաս վտանգավոր չէ նաեւ դրա հակառակ ծայրահեղությունը՝ «արխայինություն-դինջությունը»։

Հիմա իրավիճակ է փոխվել։

Երբ «ոչմիթիզական» սնապարծությունն արեց իր սեւ գործը, թվում էր, թե դրանից հետո, բնականաբար, պետք է գայինք զգաստացման վիճակի, բանական մտածողության ու իրատեսության դաշտ։ Նման փորձ անգամ չարվեց։ «Ոչմիթիզական» — սնապարծության «լողարանից» միանգամից տեղափոխվեցինք «դրա հակառակ երեսը» հանդիսացող, նույնքան ինքնասպան՝ «արխայինություն-դինջության» լողարան։ Չուզեցինք կորցնել տաք ջրում երակը կտրածի «երանելի» ու անհոգ վիճակը…

Բայց` ոչ միայն։

Կարծես ծրագրված թե պարտադրված մի արշավ է սկսվել ազգային կենսական ռեսուրսը կազմող, վերը նշված հիմնասյուների դեմ՝ փակելու ազգ-օրգանիզմը սնող երեք հիմնական երակները։

Տեսնենք, թե ինչպես է դա կատարվում.

Երեք հիմնասյուների վտանգումը

Եկեղեցին

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, համահայկական ամենամեծ ազգային կառույցի դեմ սանձազերծված արշավի զուգահեռը դժվար է գտնել նախորդ 1700 տարում (մի կողմ դրած, թերեւս, խորհրդային ստալինյան շրջանը)։ Նրան որպես համազգային կառույցի ու որպես ազգը ներկայացնող սուբյեկտի են վերաբերել բոլոր օտար նվաճողները, հաճախ՝ մեծ հարգանքով։

Ենթադրենք՝ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալի համոզմունքն է դառնում այն ամենը, ինչն ամենաբարձր մակարդակով եւ ամենօրյա ռեժիմով ասվում է կաթողիկոսի, բարձրաստիճան հոգեւորականների, ըստ էության՝ Հայ Առաքելական եկեղեցու հասցեին։ Ի՞նչ է անում այդ եկեղեցու հավատացյալը։ Աթեիստ չի դառնում. թողնում է «պիղծ» ու անարժան ղեկավարներով այդ եկեղեցին ու գնում այլ տեղ, գրկաբաց բազմաթիվ աղանդներ կան։

Ենթադրենք՝ իշխանությունը կարողանում է պաշտոնանկ անել «պիղծ» հռչակած կաթողիկոսին, նրա շուրջ տասնյակ բարձրաստիճան հոգեւորականների, երկնքից սպիտակաթեւ մի հրեշտակ է իջեցնում ու նշանակում նրա տեղում։ Հավատացյալի համար ոչինչ չի փոխվում, արդեն չկա վստահությունը այն կառույցի նկատմամբ, որը երեք տասնամյակ նման «խայտառակ» ղեկավարություն է ունեցել եւ հանդուրժել։

Ճիշտ այնպես, ինչպես՝ չկա քաղաքացի, չկա պետություն, նույն կերպ՝ չկա եկեղեցու հավատացյալ՝ չկա եկեղեցի՝ չկա մեր ազգապահպան ու պետականաստեղծ ռեսուրսը 1700 տարի սնող երեք հիմնական երակներից մեկը։

Պատմությունը

Պատմությունը ակտիվ քաղաքական գործոն է, այդ գիտակցումը կարելի է փնտրել պետությունների ստեղծման ամենավաղ շրջանից ի վեր։ Աշխարհակալ Ասորեստանի թագավոր Նինոսը, Խորենացու խոսքով՝ «անձնասեր» (էգոիստ) լինելով, հրամայում է ջնջել-ոչնչացնել իր երկրի մինչեւ ինքը եղած պատմությունը եւ միայն իր մասին գրել։ Եւ այդ ազգն ու պետությունը վաղուց չկան։ Հայաստանում առաջին Արշակունի թագավոր Վաղարշակի առաջին գործը եղավ երկրի ու ազգի պատմությունը գտնելը, որը եւ դրեց «իր առաջին գանձերի մեջ»։

Պատմությունը կենսական է ամեն ազգի համար։ Հենց որպես այդպիսին՝ այն հաճախ նաեւ գողանում, յուրացնում են անբարեհաճ  հարեւանները հօգուտ իրենց կամ կեղծում՝ մեզ վնասելու համար։ Արդեն հարյուր տարուց ավելի մենք մի քանի ճակատով պայքարում ենք օտարների վտանգաշատ կեղծիքների այդ արշավի դեմ։

Հիմա դրա տասնապատիկը ինքներս ենք անում մեր դեմ։

Պատմությունն այնքան ավելի ակտիվ քաղաքական գործոն է, որքան ժամանակով մոտ է ներկային։

Հայաստանի վերջին անկախությունը ակտ չէր, այլ, որպես տասներեք ամսվա տեւողության քաղաքական գործընթաց՝ մեկ ամբողջություն-միավոր։ Սկիզբը Հայաստանի Անկախության հռչակագիրն էր, ընթացքը՝ հաջորդ ամիսներին փաստացի անկախության հիմնաքարային օրենքների ընդունումն ու կիրառումը, իրավական ավարտը՝ 1991-ի սեպտեմբերյան Անկախության հանրաքվեն։ Այս երեքը մի ամբողջություն է, անքակտելի մի ակտ, մի մարմին, պատմական մեկ փաստ։ Դրանո՛վ Հայաստանը ձեռք բերեց իր հերթական անկախությունը, օրինակա՛րգ անկախությունը, որպես այդպիսին՝ միակը ողջ ԽՍՀՄ տարածքում։ Հենց որպես այդպիսին այն միջազգային հարթակներում գնահատվեց ընդհուպ որպես «քաղաքական արվեստի մի գլուխգործոց»՝ նկատի ունենալով նշածս սկիզբը, ընթացքը եւ ավարտը միասին։ Հիմա ուզում են այն անդամահատել՝ Սահմանադրության տեքստից հանելով Անկախության հռչակագրի հիշատակումը։ Դու նույնն է՝ ինչ կտրես մարդու ոտքերը, այս դեպքում՝ անկախության։

Մի միտք պիտի կրկնեմ. իրենց գնահատականում միշտ ժլատ օտարների իսկ արձանագրմամբ 1988-1991 թվականներին Հայաստանը համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող, այն պայմանավորող գործոն է եղել։ Դա մեծագործություն էր. այդ չորս տարում հայաստանյան թեման միջազգային մամուլում ամենարծարծվողներից էր։ Այդպես չէր եղել երբեք։

Ներազգային մասշտաբով՝ 1988-1998 թվականների տասնամյակն իր քաղաքական արդյունքներով հավասարը չունի առնվազն վերջին հազարամյակի մեր պատմության մեջ։ Այն գոյացավ, երբ լուսանցք մղվեց ինչպես «ազգային սնապարծությունը», այնպես էլ «արխայինություն-դինջությունը»։ Եւ, եթե «հերոսական» բառով կարելի է բնորոշել ոչ միայն անհատի, անհատների, այլ ամբողջ մի ժողովրդի կամ պատմաշրջան, ապա դա առաջին հերթին կիրառելի է ա՛յդ տասնամյակի եւ ա՛յդ սերնդի համար։ Իսկ նույն այդ տասնամյակում բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների մեջ ամենաարժեքավորն ու կենսատուն դրա հոգեբանական արդյունքն էր՝ «թշվառ ու անտեր», «թշնամյաց ոտնակոխ», «շղթայված» ցեղասպանված ազգի դարավոր հյուծիչ ու սպանիչ բարդույթը թոթափելը, մեջքը ուղղելը։

Հիմա ի՞նչ է արվում այդ մեծագործության, դրա արդյունքների, պատմության հետ, որն առատորեն սնում էր ու տասնամյակներ, գուցե դարեր պիտի սներ մեր ազգային հպարտությունը, արժանապատվությունն ու ինքնությունը, այսինքն՝ կենսունակությունը։ Դրա առարկայացված նվաճումները կորստի մատնելուց հետո, այն, ըստ էության, հռչակվում է արկածախնդրություն՝ այսօրվա բոլոր աղետների հիմք ու պատճառ։

Այդ տասնամյակի համար նման գնահատական չեն ունեցել եւ չունեն ո՛չ թուրք, ո՛չ ադրբեջանցի գիտնականները։

Դրանով քանդվում են ազգի ինքնապատկերացման ու ինքնագնահատման, ինքնության բարոյահոգեբանական ամենաամուր կենսական հիմքերը։

Այսպես կտրվում է ազգ-օրգանիզմը սնող երկրորդ՝ պատմության երակը։

Լեզուն

Նկատի չունեմ լեզուն՝ որպես կենցաղային հաղորդակցման գործիք։ Նկատի ունեմ լեզուն՝ որպես ազգի պատմությունը, հոգեւոր, մշակութային ժառանգությունն ու կյանքն ամփոփող, մատուցող ու սերնդեսերունդ փոխանցող միջոց։ Դա հասարակական գիտությունների բնագավառն է՝ լայն առումով հայագիտության, ինչի համար վճարում է Հայաստանի հարկատուն։

Մի քանի տարի առաջ ընդունված օրենսդրական ակտով պարտադրվում է (ըստ էության՝ պարտադրվո՛ւմ է) հասարակագիտության բնագավառի գիտնականներին գիտական աշխատանքները հրապարակել, այսպես կոչված, «սկոպուսային» պարբերականներում (սա մի քիչ նեղ թեմա է՝ այստեղ  չեմ մանրամասնի)։ Ասեմ միայն, որ հայերենով նման պարբերականներ չկան։ Եւ, եթե գիտնականը չի ուզում կորցնել իր հաստիքը, աշխատանքը, աշխատավարձը, ապա մեր պատմագրությունը, ընդհանրապես հայագիտությունը՝ ազգի մասին ու ազգը սնող գիտությունը մոտ ապագայում ամբողջությամբ, կամ համարյա ամբողջությամբ, կդառնա օտարալեզու (սա թվաբանական հաշվարկ է, ոչ թե գնահատական)։ Հենց այդպիսին են վաղուց մեռած ժողովուրդների, մարած պետությունների մասին գիտությունները, ինչպես, ասենք՝ շումերագիտությունը, խեթագիտությունը, ասուրագիտությունը եւ այլն։

Մենք, որպես ազգ դեռ կենդանի, Հայաստանը՝ դեռ պետություն, մեռած ազգի, մարած պետության մասին գիտություն է դառնալու հայագիտությունը։

Ո՞ւմ համար։

Հասկանալի է միջազգային գիտական շտեմարաններում արտահայտված լինելու ժամանակի խնդիրը, սակայն դա չորրորդ տեղում կարող է լինել միայն, 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերում սեփական ժողովրդին սեփական պատմությունը իր մայրենի լեզվով մատուցումը, ազգային ինքնությունը եւ ռեսուրսը սնող երակը պահպանելը պետք է լինի։

***

Ի՞նչ է դրված ազգային ինքնասպանության այս գործընթացի հիմքում՝

  • նինոսյան «անձնասիրություն» — էգոի՞զմ,
  • մեծամոլության «ուղեղային մորմո՞ք»,
  • իրականության զգացման կորո՞ւստ,
  • փրկչական հիվանդությո՞ւն,
  • օտարի ծրագի՞ր,
  • քաղաքական անճարակությո՞ւն,
  • թյուրըմբռնված հայենասիրության հետեւանք անկեղծ մոլորությո՞ւն,
  • պարզ իշխանատենչությո՞ւն,
  • թե՞ այլ մի բան՝ արդեն էական չէ։

Էականը ազգային էֆթանազիայի այս ընթացի գիտակցումն ու դրանից անցնցում ու նվազագույն վնասով դուրս գալու հրամայականի ճանաչումն է։

Օբյեկտիվորեն ձեւավորված մեր այս խիստ յուրահատուկ իրավիճակում, ուժերի բնույթի ու հարաբերակցության պայմաններում՝

Որքան էլ տեղին, սակայն իշխանությանը անընդհատ անկյուն սեղմելով կարելի է նրան մահապարտ դարձնել (նրա գործողություններում արդեն իսկ նկատվում են նման հոգեվիճակի նշաններ)։ Մահապարտների խմբի, առավել եւս՝ այդպիսին դարձած իշխանության դեմ պայքարը անհեռանկար է ու վտանգավոր. երկրի՛ համար։

Որքան էլ գայթակղիչ՝ ընդդիմությանը իշխանական լծակների գործադրմամբ բռնությունների ենթարկելով անելանելիության, մահապարտի նույնպիսի վիճակի կարելի է հասցնել։ Քաղաքական դաշտում ու քաղաքական մեթոդներով գործելու անհնարինությունը նրան կարող է մղել հակազդման այլընտրանքային միջոցների փնտրտուքի։

Կան, չէ՞, կարող են լինել, չէ՞, երկրի համար շատ կարեւոր հարցեր, որոնց լուծման համար մի սեղանի շուրջ նստել, փոխհամաձայնության հասնել է պետք։

Եւ գեթ նվազագույն անհրաժեշտ չափով լիցքաթափման, փոխըմբռնման նախաձեռնողն իշխանությունը պետք է լինի։ 1990-ին խորհրդարանում անկախությանը կտրուկ դեմ երկու բեւեռ կար, եւ մեկ բեւեռ՝ անկախության ընթացքը ԽՍՀՄ օրենքների համաձայն սկսելու դեմ։ Մեկ ամսում հարցը լուծվեց։ Սեղանի շուրջ, իշխանության նախաձեռնությամբ, նաեւ անհրաժեշտ բացատրություններով, նաեւ՝ փոխզիջումներով։ Եւ Անկախության հռչակագիրն ընդունվեց միաձայնությամբ։

Հասարակության մեծագույն մասը կարող է չզգալ վտանգը՝ «հացի» խնդիրը ինչ-որ կերպ լուծում է, դիտարժան «տեսարանները»՝ ամենօրյա են։

Մինչդեռ ի վերջո, ինչ-որ պահի «կա՛մ – կա՛մ»-ի այսօրվա բեւեռացումը կարող է հանգեցնել կոշտ առճակատման՝ առանց կանոնների «կենաց-մահու» գլադիատորական մարտի։

Դրանում, սակայն, ոչ մեկը չի հաղթի, եւ ոչ մեկը չի պարտվի։

Ավելի ճիշտ՝ էական չէ, թե ով կհաղթի եւ ով կպարտվի.

Երկի՛րը կպայթի բառիս բուն իմաստով… որ ազգային ինքնասպանության ամենախայտառակ ձեւը կլինի, թերեւս։

Կշեռքի նժարին շատ մեծ արժեք է դրված՝ հարյուր հազարավոր անգամ ավելի մեծ, քան որեւէ իշխանւթյուն ու ընդդիմություն միասին վերցրած։

***

Եւ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության անկախության օրն է այսօր՝ տոների մեջ ամենապանծալին, փայփայելին։ Ու՝ անպայման շնորհավորելին, որ նաեւ ցանկություն, հույս, մաղթանք է ենթադրում.

Ուստիեւ՝

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ Եթե չարթնանա ազգային ռացիոնալ գիտակցությունը, թող գործի, նման դեպքերում երբեմն ավելի իմաստուն՝ ազգի ինքնապահպանական բնազդը, մեզ դուրս բերի «արխայինություն-դինջության» լեթարգիական քնից, տա վտանգաշատ իրավիճակի ողջախոհ լուծման բանալին, գործի գցի մեր ազգային ռեսուրսը սնող երակները, դեպի հավերժը տանի Հայկական անկախ ազգային պետականությունը։

Մարդկային քաղաքակրթությանը բերած ծանրակշիռ մեր վաստակով մենք արժանի ենք դրան։

Մեր պատմության անթեք տրամաբանության պահանջով՝ մենք ինքնասպան լինելու իրավունք չունենք։

Մեզ պարտք չեն մնացել մեր նախնիները, մենք պարտք չպիտի մնանք մեր սերունդներին։

Հավերժ կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը… 🇦🇲

Հավերժ կեցցե՜ Հայաստանի հրաշափառ անկախությունը… 🇦🇲

ՀԱԿ վարչության անդամ, պատմաբան
Աշոտ Սարգսյան

ILur