«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Փաշինյանն ու «ադրբեջանական նարատիվները»

Հարութ Ուլոյան. Փաշինյանն ու «ադրբեջանական նարատիվները»

Փաշինյանն ու «ադրբեջանական նարատիվները»

Գաղտնիք չէ, որ ողջ նախընտրական շրջանում, Փաշինյանը մի կողմից ահաբեկում էր ժողովրդին, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու, իսկ մյուս կողմից, հակադարձելով ընդդիմության կողմից, ՔՊ-ի վերընտրության պարագայում, մատնանշվող հավանական վտանգներին, այդ թվում՝ 300․000 ադրբեջանցիների թեմային, Փաշինյանը հայտարարում էր, թե դրանք «ադրբեջանական նարատիվներ» են, որևէ հիմք չունեն, և որ այդ ամենը գործակալության արդյունք է։

Բայց ողջ խնդիրը կայանում է հենց նրանում, որ 2018 թվականից մինչ օրս, այն, ինչ Փաշինյանն ու իր թիմը համարել են «ադրբեջանական նարատիվ», շատ կարճ ժամանակում իրականություն է դարձել։

2018-2020 թվականներին, «Ղարաբաղը Հայաստան է և վե՛րջ» խոսույթի կոնտեքստում, երբ պնդում էինք, որ նման դիրքորոշումները մեզ տանելու են պատերազմի, իշխանությունը մեզ մեղադրում էր, որ մենք «ադրբեջանական նարատիվներ» ենք տարածում։ Ինչ եղավ արդյունքում, հայտնի է բոլորին։

2020-2023 թվականներին, երբ Փաշինյանի կողմից ամեն ինչ արվում էր, որ շրջանցվի իր իսկ կողմից վավերացված նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ դրույթի տրամաբանությունը, այդ ժամանակ պնդում էինք, որ նման քաղաքականությունը վերջնականապես կործանելու է Ղարաբաղը։ Դրան ի պատասխան, իշխանությունը մեզ մեղադրում էր «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ և հպարտորեն հայտարարում, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը մտել է գործնական՝ աննախադեպ փուլ։ Ինչ եղավ արդյունքում, հայտնի է բոլորին։

Երբ նույն ժամանակահատվածում խոսակցություններ էին գնում, որ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանին հանձնել տավուշյան հայտնի տարածքներն ու անկլավները, Փաշինյանը պնդում էր, որ այդ թեման նոյեմբերի 9-ին էլ է եղել, բայց ինքը ձեռքերը կկտրի, բայց նման բան չի լինի։ Այդ հավաստիացումներին չհավատացողներին ի՞նչ պատասխան էին տալիս։ Ճիշտ է, մեղադրում էին «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Ինչ եղավ արդյունքում, հայտնի է բոլորին։ Անկլավների թեման էլ արդեն իսկ բաց է։

Երբ 2023 թվականից հետո ողջ պրոպագանդան հայտարարում էր, որ, Ղարաբաղի հայաթափումից հետո, Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն տրամադրելու թեման այլևս փակ է, իսկ մենք էլ պնդում էինք, թե այդ թեման չի փակվելու այլ զուտ իր գեղեցիկ փաթեթավորմանն է սպասում, մեզ կրկնին մեղադրում էին «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Ինչ եղավ արդյունքում, հայտնի է բոլորին։

Երբ Ադրբեջանը պնդում էր, որ մեր Սահմանադրությունից պետք է հանել Անկախության հռչակագրի հղումը, քանի որ այն ոտնձգություն է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ, Փաշինյանը դրան հակադարձում էր, թե Ադրբեջանի Սահմանադրությունն էլ Հայաստանի տարածքային ամբողջականությանն է սպառնում։ Երբ պնդում էինք, որ Փաշինյանը միակողմանի տեղի է տալու, մեզ  մեղադրում էին «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Այժմ արդեն Փաշինյանն է պնդում, որ Սահմանադրությունից անկախության հռչակագիրը պետք է հանվի։

Թե ինչեր էին հայտարարում ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում, դրան չեմ էլ ուզում անդրադառնալ։

Ու հիմա այս մարդիկ խոսում են այն մասին, թե ընդդիմությունը «ադրբեջանական նարատիվներ» է տարածում։ Ավելին, այդ թեմաները դարձերել են հումոր ու ամեն օր փորձում են ինքնահաստատվել դրանցով։

***
Փաշինյանին ընտրած հարգելի քաղաքացիներ, վտանգները որպես «անդրբեջանական նարատիվ» ներկայացնողներն ու իրենց առյուծ երևակայողները 2018 թվականից մինչև այս պահը կյանքի են կոչել Ադրբեջանի ու Ալիևի, նույնիսկ նրանց լավագույն երազներում չերևակայած բոլոր «նարատիվները»։ Մինչև այս պահը, չի եղել հրապարակայնորեն Ալիևի կողմից Հայաստանին ներկայացված պահանջ, նախապայման, որը Փաշինյանը, նախ, «վճռականորեն» չի մերժել, իսկ հետո հոժարակամ ոչ միայն ընդունել, այլև իրականացրել է ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ։ Ադրբեջանի հերթական պահանջների՝ անկլավների վերադարձի ու մեր Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը վերացնելու պատրաստակամությունը Փաշինյանն արդեն իսկ պաշտոնապես ստանձնել է։

Եթե այս բոլոր «ադրբեջանական նարատիվները» Փաշինյանը իրականություն է դարձրել, ապա մենք ի՞նչ հիմքով պիտի հավատանք Փաշինյանի խոսքին կամ հավաստիացումներին։ 
Կամ։ Եթե դուք, մինչ այս, իրականություն դարձած բոլոր «ադրբեջանական նարատիվների» հետ ոչ միայն հաշտ եք, այլև, իբր, «հանուն խաղաղության», այդ ամենը հաղթանակ եք համարում, ապա ի՞նչն է ձեզ խանգարելու, որպեսզի, կրկին՝ «հանուն խաղաղության», հաշտվեք նաև ադրբեջանցի փախստականների վերադարձի հետ։

Հարութ Ուլոյան