«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Փիրուզա Մելիքսեթյան. «Գաղջ բաստիոնի» գերագույն Գաղջը

Փիրուզա Մելիքսեթյան. «Գաղջ բաստիոնի» գերագույն Գաղջը

«Գաղջ բաստիոնի» գերագույն Գաղջը 
(Հայտնության պատգամն ու «100% օրգանիկ» սուտը)

«Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք, երանի դու սառը լինեիր և կամ տաք․ իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից»։ 
(Հայտնություն 3։15-16)

Ապոկալիպսիսի այս տողերը, որոնք ուղղված են Լաոդիկեայի եկեղեցուն և ունեն ինչպես պատմական, այնպես էլ խորը հոգեբանական ու փիլիսոփայական ենթատեքստ, ամենայն ճշգրտությամբ արտացոլում են «նոր» Հայաստանի պսևդոէլիտայի և «նիկոլիզմի» քայքայիչ վիրուսով վարակվածների աղտեղի նկարագիրը։

Հետաքրքիր է, որ Հովհաննես Ավետարանիչն այս պատկերն ընտրել է Լաոդիկեա քաղաքի իրական պայմաններից ելնելով (այդ հին բնակավայրի ավերակները գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում՝ Դենիզլիի մոտ)։

Հարևան Հիերապոլիս քաղաքը հայտնի էր իր բուժիչ, տաք աղբյուրներով, մինչդեռ մյուս հարևան քաղաքը՝ Կողոսիան, ուներ մաքուր, զով ու սառնորակ խմելու ջուր։ Իսկ Լաոդիկեան սեփական ջրի աղբյուր չուներ. ջուրը բերվում էր կավե խողովակաշարերով, և տեղ հասնելիս արդեն դառնում էր գաղջ, տհաճ ու սրտխառնոց առաջացնող։ 
Իրողություն, որն ակնհայտ էր լաոդիկեցիներին. գաղջ ջուրը պիտանի չէր ո՛չ բուժման համար, ինչպես տաքը, և ո՛չ էլ ծարավ հագեցնելու, ինչպես սառը։

Հայտնության գրքի այս հանրահայտ վկայակոչումը հոգևոր ու բարոյական խոր իմաստ ունի. այն դատապարտում է կիսատությունը, երկդիմիությունը և անտարբերությունը: «Տաք» լինել նշանակում է լինել բոցավառ, նվիրված, սկզբունքային, ունենալ հստակ դիրքորոշում և անդրդվելի հավատք։
«Սառը» լինելն աստվածաշնչյան այս համատեքստում նշանակում է գոնե ազնիվ լինել սեփական անհավատության կամ ժխտողականության մեջ։ Սառը մարդը չի ձևացնում. նա հստակ է իր դիրքորոշմամբ, և նրան դեռ հնարավոր է «տաքացնել» կամ փոխել։

Գաղջը, որն առաջացնում է սրտխառնոց և, որպես տրամաբանական ավարտ՝ մերժում ու փսխուք, նշանակում է լինել երկդիմի, հարմարվող, անտարբեր, ստախոս ու անսկզբունքային՝ ո՛չ այն կողմ, ո՛չ այս կողմ։
Անբարո և գարշելի վիճակ, երբ անձը փորձում է և՛ Աստծուն հաճոյանալ, և՛ սատանային ծառայել. իմա՝ և՛ սկզբունքային ձևանալ, և՛ սեփական հարմարավետությունը չկորցնել։ Այսպիսի կեցվածքը կեղծավորության ու կրավորականության ամենանողկալի դրսևորումն է։

Եթե Հայտնության այս հավաստումը տեղափոխենք մերօրյա՝ «ժողովրդավարության» ժանգից քայքայված «բաստիոն», ապա այստեղ հստակ կնկատենք թե՛ գլխավոր «Գաղջին», և թե՛ նրան շրջապատող տոտալ «գաղջությունը»։
Աստվածաշնչյան խոսքը՝ «պիտի փսխեմ քեզ իմ բերանից», ցույց է տալիս Բացարձակի նողկանքն ու տոտալ մերժումը նման տեսակի հանդեպ։

Հայտնության գրքի «տաքի, սառի և գաղջի» այս համատեքստում էլ անդրադառնանք ՀՀ գերագույն «Գաղջի» հերթական՝ ըստ էության քրեորեն հետապնդելի հայտարարությանը.
«ՔՊ-ն ստացել է 100% օրգանիկ քվե, իսկ մյուս ուժերը՝ 100% ընտրակաշառքով քվե։ Առանց փողի ընդդիմության օգտին ոչ ոք չի քվեարկել»։

Երբ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը կիրառում է «100% օրգանիկն» ընդդեմ «100% կաշառվածի» կեղծ բանաձևը, անում է մի բան, որը Լաոդիկեայի եկեղեցուն ուղղված Հայտնության պատգամի համատեքստում ունի շատ կոնկրետ բարոյահոգեբանական ախտորոշում։

Սկսենք նրանից, որ Հայտնության գրքի նույն հատվածում, «գաղջ ես» տողերից անմիջապես հետո գրված է. «Քանի որ ասում ես․ «Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ», բայց չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր» (Հայտնություն 3։17)։

Փաշինյանի պնդումը, թե իրենց քվեն «100% օրգանիկ է»՝ այսինքն՝ մաքուր ու անթերի, իսկ դիմացիններինը՝ բացարձակապես արատավոր, հենց այս ինքնագոհության և բարոյական կուրության դրսևորումն է։ Սա սեփական թերությունները չտեսնելու և սեփական «ես»-ը բացարձակացնելու այն հոգեվիճակն է, որը Հայտնության մեջ համարվում է հոգևոր մահվան հիմքը։

Աստվածաշնչյան տեքստում հստակություն կա. կա՛մ սառը, կա՛մ տաք։ 
Կա՛մ ազնվորեն ընդունում ես իրականությունը՝ իր բոլոր բարդություններով, կա՛մ մերժում ես այն։ 
Ասել, թե հասարակության մի հսկայական զանգված, որը ձայն է տվել ընդդիմությանը, չունի սեփական կամք, գաղափար կամ դիրքորոշում և առաջնորդվել է բացառապես փողով, նշանակում է տոտալ կերպով մերժել քաղաքական իրականությունը։
«Տաք» կամ «սառը» մոտեցումը կլիներ այն, որ արժանապատվություն ունեցող իշխանությունն ազնվորեն խոստովաներ. 
«Այո՛, մեր հանդեպ հանրության մեջ կա մեծ դժգոհություն, և կան մարդիկ, ովքեր սկզբունքորեն դեմ են մեր վարած քաղաքականությանը»։
Մինչդեռ «գաղջ» մոտեցումն այս դեպքում իրականությունը սեփական հարմարավետությանը սազացնելն է։ Ստեղծվում է կեղծ, «գաղջ» մի պատմություն, որտեղ ինքը միակ անարատն ու մաքուրն է, իսկ ողջ քաղաքական ու հանրային դաշտը՝ բացարձակապես փչացած ու ծախված։
Ռուսը կասեր՝ «Каждый думает в меру своей испорченности»! 

Ինչոu՞ չվկայակոչեցի հայկական հանրահայտ՝ «սեփական արշինով չափելու» տարբերակը։ Որովհետև այն չափազանց մեղմ է. արշինով չափելն ավելի շատ խոսում է սահմանափակ մտահորիզոնի կամ փորձի պակասի մասին։ Մինչդեռ ռուսական հիշյալ ասացվածքը 100-տոկոսանոց և անդրդվելի հարված է տվյալ «Գաղջի» հենց ճակատին։
Այդ ասացվածքը կոշտ է, բայց շատ ավելի ճշգրիտ է փոխանցում իրավիճակի ողջ անբարո պատկերը։ Երբ մարդու սեփական բարոյական նշաձողն իջեցված է մինչև մինուս անսահմանություն, և երբ նրա ներսում արդեն իսկ ձևախեղված են ճշմարիտն ու կեղծը, նա ուրիշների մեջ ընդունակ է տեսնելու բացառապես այդ նույն արատները։

Եթե ինքդ պատրաստ ես ստելու ու զրպարտելու հանուն իշխանության, քեզ թվում է՝ բոլորն են ստում ու զազրախոսում։

Եթե ինքդ պատրաստ ես սկզբունքներդ վաճառելու, քեզ թվում է՝ ցանկացած ընդդիմախոս ուղղակի «ուրիշի փողերով» է խոսում։

Եթե քո ներսում չկա «օրգանիկ» ազնվություն, դու պարզապես ի զորու չես հավատալու, որ ուրիշի քվեն կամ դիրքորոշումը կարող է լինել անկեղծ։

Սա յուրահատուկ հայելի է. որքան շատ է քաղաքական գործիչը կամ համակարգը դիմացինին մեղադրում ծախվածության, դավաճանության կամ տգիտության մեջ, այնքան ավելի պարզ է դառնում, թե որն է հենց իր սեփական «փչացածության չափը»։ Այնպես որ, վկայակոչված զուգահեռը լիովին արտացոլում է նիկոլական քաղաքական հռետորաբանության ողջ մակերեսայնությունը, կեղծիքն ու բոսյակային էությունը։
Սակայն սա հարցի միայն բարոյահոգեբանական կողմն է։

Իսկ ի՞նչ կլիներ իրական, այլ ոչ թե «ժանգոտած» ժողովրդավարության պայմաններում, եթե երկրի ղեկավարն իրեն թույլ տար հանրության կեսին առանց փաստերի մեղադրել քրեական հանցագործության՝ ընտրակաշառքի մեջ։

Ինչպիսի՞ իրավական և քաղաքական աղետ կհաջորդեր այս հայտարարությանը քաղաքակիրթ աշխարհում։

(Շարունակությունը՝ հաջորդիվ)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ